24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը կարող է չընտրել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին չընտրելու չափազանց հիմնավոր պատճառ ունի: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ազգային ժողովին ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնելու նպատակով դատավորների ընդհանուր ժողովի կողմից թեկնածուի ընտրության  ընթացակարգի վերաբերյալ

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտարդական առաքելություն է իրականացնում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 26-ին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու, ինչի կապակցությամբ ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել մտահոգությամբ,  որն էլ եւ դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին եւ Ազգային ժողովին:

Ազգային ժողովի մայիսի 2-ի հերթական քառօրյայի առաջին նիստում տեղի էր ունեցել առաջադրված թեկնածության քննարկում, իսկ մայիսի 4-ին Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն, ստանալով ընդամենը 51 ձայն,  չընտրվեց  Ազգային ժողովի կողմից, քանի որ պահպանված չէին ընթացակարգային եւ թեկնածուին առաջադրվող մի շարք պահանջներ:

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության՝ հավասար, արդար եւ թափանցիկ ընթացակարգի հարցն  այնուհետեւ բարձրացվել էր ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների եւ 100-ից ավելի փաստաբանների կողմից, ինչին ի պատասխան, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 17-ին հայտարարեց, որ պատրաստ է լսել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցում իրավաբանական համայնքի առաջարկությունները:

Նախագահի վերոհիշյալ հայտարարությունից օրեր անց՝ մայիսի 20-ին ավելի քան 200 փաստաբաններ հանդես եկան Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջարկությամբ եւ ՍԴ դատավորի պաշտոնում երաշխավորեցին փաստաբան Վահե Գրիգորյանին:

Մայիսի 22-ին մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը մայիսի 18-ին, ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն։ Առաջադրված թեկնածուները երկուսն են եղել․վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը եւ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Քվեարկության արդյունքում  ընտրվել է Ելիզավետա Դանիելյանը:

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Ազգային ժողովին որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Հիշյալ գործընթացը տեղի է ունեցել հանրության համար բացարձակ գաղտնիության եւ զրոյական թափանցիկության պայմաններում: Միայն մայիսի 24-ին՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարություն առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը եւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստում:

Մտահոգիչ է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման համար ընտրություն իրականացնելու նպատակով տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովի հրավիրման մասին չի հրապարակվել որեւէ տեղեկատվություն, չի ապահովվել հիշյալ գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Մտահոգություն ենք հայտնում նաեւ առ այն, որ անտեսվել են հանրության վստահությունը երաշխավորող ընթացակարգերը՝ վնասելով թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ առաջադրվող դատավորի հեղինակությանը:

Վստահ ենք, որ հանրությունը պետք է կարողանա վերահսկել եւ համոզված լինել, որ հիշյալ գործընթացը զերծ է  ստվերային հարաբերություններից եւ պայմանավորվածություններից, որ մասնագիտական եւ անձնական բարձ որակներ ունեցող դատավորների թեկնածությունների ընտրության ընթացակարգն իրականացվել է  հավասարության, արդարության, թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները եւ դրանց զարգացման տրամաբանությունը ստեղծել են բարենպաստ պայմաններ՝ հատկապես բարձր դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման եւ ընտրության առավելագույնս բարձր ստանդարտների համապատասխանող, թափանցիկ  եւ մրցութային ընթացակարգեր ներդնելու համար:

Այսօրինակ ընթացակարգի ապահովման անհրաժեշտությունը բացարձակ է եւ պայմանավորած բարձր դատարանի հեղինակության բարձրացման, ինչպես նաեւ ընտրվող դատավորի անհատական անկախության ու անաչառության երաշխավորման անհրաժեշտության թելադրանքով:

Հանրությունը պետք է բարձր դատական պաշտոններում առաջադրված թեկնածուին մասնագիտական եւ անձնական հատկանիշների մանրամասն ստուգման գործընթացը դիտարկելու հնարավորություն ունենա:

Հարկ է նկատել նաեւ, որ Դատավորների ընդհանուր ժողովն անտեսել է Սահմանադրական դատարանի 2017թ. հունիսի 20-ի թիվ ՍԴՈ 1374 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես՝ ժողովրդավարական եւ իրավական պետության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության համատեքստում հասարակական կազմակերպություններին վերապահված հանրային վերահսկողության դերը պետության եւ հասարակության կյանքում: Սահմանադրական դատարանը նկատի է ունեցել նաեւ 2015 թ. Սահմանադրության 7-րդ գլխով դատական իշխանության ձեւավորման հարցում հայեցակարգային առումով մրցակցության եւ հանրային վերահսկողության ինստիտուտներին տրված առանձնակի կարեւորությունը:

Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդիրը պարտավոր է դատավորի պաշտոնի հավակնորդների որակավորման քննության ու հանրային գործառույթ իրականացնելու պիտանելիության գնահատման իրավակարգավորման հիմքում դնել այնպիսի տեղեկատվություն, ինչը, մի կողմից կհամարվի անհրաժեշտ մրցույթն իրականացնելու եւ ընտրություն կատարելու համար, մյուս կողմից, վերաբերելով թեկնածուների հանրային/իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, մատչելի կլինի հասարակության համար ու կբարձրացնի պետաիշխանական լիազորություն ստանձնողի նկատմամբ հանրային վստահությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պետական կառավարման մարմինների նկատմամբ հանրային վերահսկողությունը, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հանրային իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումով դատավորների թեկնածուների ցուցակի կազմմանը եւ հաստատմանը նախորդող գործընթացներում հավակնորդի կողմից ներկայացրած, հավակնորդի կողմից կազմվող, ստացվող փաստաթղթերը, տեղեկությունները, դիտարկվող գործընթացի արդյունքները (դրանց վերաբերյալ տեղեկությունները) պետք է լինեն բաց եւ թափանցիկ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ փակ եւ գաղտնի ընթացակարգերով առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունն ԱԺ-ի կողմից անընդունելի եւ անթույլատրելի է: 

Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պետական մարմինների լիազորությունը չի ենթադրում դրա՝ կամայական հայեցողությամբ իրականացում, ինչը իրավական եւ ժողովրդավարական պետության համար հղի է լրջագույն վտանգներով։ Հետեւաբար հանրային իշխանությամբ օժտված մարմինների որոշումները պետք է լինեն հիմնավոր եւ իրենց նպատակին համահունչ, դրանց կայացումը պետք է լինի թափանցիկ եւ հնարավորինս հրապարակային, իսկ դրանց կայացման ընթացակարգում թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա արդարության նվազագույն չափանիշներին բավարարող պահանջների պահպանմամբ:

Հակառակ դեպքում, այսիպիսի նշանակումները  եւ ընտրությունները հովանավորչության եւ ոչ թափանցիկ, հակաժողովրդավարական ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում՝ անարդարացիորեն վնասելով եւ վտանգելով ընտրվող դատավորի եւ որպես հետեւանք՝ Սահմանադրական դատարանի հեղինակությունը:

Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակներում մայիսի 4-ին (չընտրելով առաջադրված թեկնածուին) արդեն իսկ սահմանել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության համար այնպիսի ստանդարտներ, որոնք ընդունելի կլինեն Ազգային ժողովի համար եւ որոնք պետք է պահպանվեն համապատասխան լիազորություն ունեցող բոլոր մարմինների կողմից (Հանրապետության նախագահ, դատավորների ընդհանուր ժողով եւ կառավարություն):

Ուստի լիահույս ենք, որ հունիսի 12-ին Ազգային ժողովը, վերահաստատելով իր դիրքորոշումը հիշյալ հարցի վերաբերյալ չի ընտրի հիշյալ բարձր չափանիշներին չհամապատասխանող ընթացակարգով առաջադրված թեկնածուի:

Բացի վերոգրյալից, Ազգային ժողովն ունի Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուին չընտրելու չափազանց հիմնավոր մեկ այլ պատճառ. համաձայն ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը հաջորդաբար:

Ըստ այդմ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացած թափուր տեղի համար առաջադրում կատարելու հերթը, համաձայն Սահմանադրության՝ վերը նշված կարգավորման,  ՀՀ նախագահինն է, որը եւ պետք է կատարի թեկնածուի առաջադրում, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել ՍԴ դատավորի հաջորդ թափուր տեղի առաջացման դեպքում միայն: Ծանուցման կարգով նկատենք, որ ՍԴ-ում հերթական թափուր տեղ կառաջանա հունիսի 15-ին, երբ կլրանա Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի 70-ամյակը:

Ուստի, լիահույս ենք, որ Ազգային ժողովը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը չի հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրած թեկանծուին չի ընտրի որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Հակառակը կհանգեցնի ՀՀ Սահմանադրության խախտման։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ