Մասիսի քաղաքապետի տեղակալը ևս ազատ է արձակվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 2-ին որոշում է կայացրել Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների իրականացման մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին ազատ արձակել: Այս մասին հայտնել է Օհանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Քաղաքապետի տեղակալի կալանքի միջնորդությունը ևս մերժվել է և նա ազատ է արձակվել: Կարծում եմ, քննիչը կընտրի բոլոր ազատ արձակվածների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին, որը մենք կվիճարկենք»,- ասաց Աթանեսյանը:
Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել նաև զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: