Երկու տարի առաջ դատապարտված Վլադիմիրի գործը կքննվի վերաքննիչում.արդարացում են պահանջում
Մայիսի 30-ին, ժամը 14:00-ին Վերաքննիչ դատարանը կքննի 6 տարվա ազատազրկման դատապարտված Վլադիմիր Հովսեփյանի բողոքի քննությունը:Այս մասին Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Հովսեփյանի շահերի պաշտպան, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Արդարություն ենք ակնկալում, իմ վերաքննիչ բողոքը բավականին ծավալուն է և լուրջ փաստարկներով կփորձեմ հիմնավորել պաշտպանյալիս անմեղությունը, ինչը ակնհայտ է»,-նշեց փաստաբանը:
Նշեննք, որ Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչ, 2 անչափահաս երեխայի հայր, նախկինում չդատված Վլադիմիր Հովսեփյանը դեռևս 2016թ. դեկտեմբերի 22-ին պետք է մեկներ Մոսկվա՝ արտագնա աշխատանքի: Սակայն աշխատանքի հասնելու փոխարեն, նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանում նրան ձերբակալել են թմրանյութ տեղափոխելու կասկածանքով:
Հովսեփյանին առաջադրվել է մեղադրանք, ըստ որի` կառավարությանն առընթեր ԱԱԾ հսկիչ անցագրային կետով ՀՀ պետական սահմանը հատելուց և 0,838 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապօրինի տեղափոխելուց հետո Վլադիմիր Հովսեփյանը բռնվել է համապատասխան աշխատակիցների կողմից: Ըստ մեղադրանքի` ՊԵԿ ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:
Նշենք, որ դատարանում ներկայացվել է տեսանյութ:Տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է Վլադիմիր Հովսեփյանն՝ իր ուղեբեռներով, ապա` դարչնագույն պայուսակը, որի առջևի գրպանից հանում է երկու 50 մլ տարողությամբ օղու շշեր՝ ակցիզային պիտակներով:
Վահան Հովհաննիսյանը հայտնում է, ոոր ուղեբեռի կտրոն չի եղել դարչնագույն պայուսակի վրա, ուստի սահման հատելու մասին խոսք լինել չի կարող:
Փաստաբանի խոսքով՝ օղու շշերը թաքցված չեն եղել, նախատեսված են եղել օդանավից վախը հաղթահարելու համար
Գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ Հովսեփյանի ճամպրուկում գտնվող երկու օղու շշերի պարունակությունը նա պետք է խմեր օդանավակայանում, քանի որ ինքնաթիռ նստելուց վախենում է: Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ օղու շշերը դրված են եղել ճամպրուկի ամենավերևում, այլ կերպ ասած՝ թաքցված չեն եղել: Նույն հանգամանքը իր ցուցմունքում պնդել է նաև ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը: Իսկ օղու շշերը, ըստ քրեական գործի նյութերի ու դատարանում հետազոտված ապացույցների, ամբաստանյալը ձեռք է բերել դեռևս տարիներ առաջ, ծանոթներից մեկի տնից, որը և հարցաքննվել է դատարանում:
Օղու շշերը եղել են գործարանային փաթեթավորմամբ:
Ուշագրավ է, որ Վլադիմիր Հովսեփյանի մազերի ու արյան փորձաքննության եզրակացությամբ թմրանյութի առկայություն չի հայտնաբերվել: