25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի պատասխանը Իսրայելին, ինչ անել. Ժամանակ

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսետի հանձնաժողովում հավանության է արժանացել հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու նախաձեռնությունը: Դա իհարկե դեռ ամենևին չի նշանակում, որ լիագումար նիստում կընդունվի հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Եվ ի վերջո Իսրայելում էլ առաջին անգամը չէ, աշխարհում էլ՝ երբ հայերի ցեղասանության ճանաչման հարցը հայտնվում է տարբեր երկրների օրակարգում, գերազանցապես այն ժամանակ, երբ տվյալ պետությունը որևէ խնդիր է ունենում Թուրքիայի հետ: Իսրայելը ներկայումս մերձավորարևելյան հարցերում Անկարայի հետ ունեցած խնդրի հետևանքով մեջտեղ է բերում հայերի ցեղասպանության ճանաչման հարցը, որն ակնհայտորեն ունի Անկարայի վրա ճնշում բանեցնելու նպատակ:

Պետք է խոստովանել, որ մենք հայտնվում ենք հակասական վիճակում, երբ դառնում ենք հայկական հարցի այդօրինակ խաղարկման ականատես, առավել ևս, երբ հարցերը պարզելուց հետո տվյալ երկիրը վերջնարդյունքում մերժում է հայերի ցեղասպանության հետ կապված նախաձեռնության ընդունումը: ՄԻ կողմից վիրավորական է, որ մեր ցավը և դատը օգտագործվում է Թուրքիայի դեմ սեփական հարցեր լուծելու համար:

Մյուս կողմից մենք չենք կարող չհամակերպվել այդ իրողության հետ, այլապես պետք է հայտարարենք, որ հրաժարվում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից և կոչ անենք մյուս երկրներին երբեք չխաղարկել հայկական հարցը: Ակնհայտ է, որ մենք այլընտրանք չունենք և եթե անգամ գիտենք, որ մեր հարցը խաղարկում ենք, ու եթե անգամ դա մեզ վիրավորում է, մենք ստիպված ենք դիմանալ, որովհետև ինքներս ենք նաև հռչակել միջազգային ճանաչումը պետական օրակարգի մաս:

Ի վերջո, հանել հարցը մեր պետական օրակարգից, նշանակում է թուլացնել այդ օրակարգը, որովհետև այստեղ զուտ պահանջատիրության զգայական հարց չէ, այլ իրավա-քաղաքական բավականին կարևոր մի կռվան, որը հայկական պետականության միջազգային սուբյեկտության երկու առանցքային հենակետերից մեկն է՝ մյուսն արցախյան խնդիրն է: Այդ հենակետերից մեկից հրաժարվելը չի տա որևէ առավելություն, միևնույն ժամանակ սակայն չի էլ օգնի, որ այլևս չխաղարկեն մեր հարցը: Ըստ այդմ, մենք այդ առումով ելք չունենք և պետք է մտածել, թե ինչպես կարող ենք մեր շահին ծառայեցնել որևէ իրավիճակ, երբ որևիցե մի պետություն հայկական հարցը կփորձի օգտագործել Թուրքիայի հետ իր հաշիվները պարզելու համար:

 

Սա իսկապես կարևոր խնդիր է, որի հիմքում է թերևս նաև այն, որ հայկական հարցը մեզանում պատմագիտական առումով լինելով բավականին ուսումնասիրված, քաղաքական կամ իրավա-քաղաքական տեսանկյունից գտնվում է բավականին հում վիճակում և ըստ էության մենք իբրև պետություն հարցն առավելապես մեր զինանոցում ենք ներառել հենց պատմագիտական զգայականության վիճակում, որը հում վիճակն է և պահանջում է բավականին հանգամանալից պատրաստում իրավա-քաղաքական մասով:

Ընդ որում, ակնհայտ է, որ նույն խնդիրը մենք ունենք նաև հայկական պետականության համաշխարհային կամ աշխարհաքաղաքական սուբյեկտության մյուս հենակետի՝ Արցախի հարցում: Նոր Հայաստանում կա այդ երկու հենակետերը ռազմավարական լրջության մակարդակում խորքային առումով ամրացնելու անհրաժեշտություն և դա թերևս երկրորդական հարց լինել չի կարող:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ