25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդքան հեշտությամբ անեծք մի որոճացեք

Մի քանի նկատառում ոստիկանության գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանի՝ համակարգից հեռանալու շուրջ: Կամ՝ այդ առթիվ ֆեյսբուքում թևածող ավելի շատ անհասկանալի հրճվանքի մասին: 

Նախ՝ նա քսան տարեկան չէ, ում կարիերան հանկարծ ընդհատվեց. իր մասնագիտական-ծառայողական ճանապարհին Վովա Գասպարյանը հասել է առավելագույնին: Հասել է անբասիր աշխատանքով, մի ողջ կյանք տևած նվիրումով: Վովա Գասպարյանի մասին անիմաստ-անտեղյակ ճամարտակողները արժեր , որ իմանային՝ նա սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից ու գաղափարակից բացառիկներից է, ով կանգնած է ազգային բանակի հիմնադրման ակունքներում: Եվ իմացողը գիտի, թե Վովա Գասպարյանը ինչ պարկեշտ է իրեն պահել 1999թ. հոկտեմբերի 27-ին ու դրանից հետո՝ առ այսօր, կարճ ասած՝ նա ՉԻ ՈՒՐԱՑԵԼ ԻՐ ԵՂԲՈՐԸ, ինչպես կասեր մեծն Հրանտ Մաթևոսյանը: Ուրացումների և դավաճանությունների քսանամյա փուլում, խոստովանենք, մեծ արժանիք է: 

Երկրորդը՝ թե ինչպես իրեն դրսևորեց Վովա Գասպարյանը հատկապես այս վերջին իրադարձությունների ժամանակ, բոլորիդ աչքի առաջ է. ո՞վ կհամարձակվի պնդել, թե մեկ ուրիշը իրեն այդքան զուսպ և հավասարակշռված կպահեր, այդքան պատասխանատվություն կվե ր ցներ բոլորի կյանքի համար և բառացիորեն ամեն ինչ կաներ՝ թույլ չտալու համար մարտի 1-ի կրկնություն: Մեծ-մեծ խոսելով չէ, ՙխիստ ապստամբ՚ տիկնայք և պարոնայք:

Եվ երրորդը՝ ինձ համար անհականալի է մնում սիրո և բարության ՙհեղափոխական քարոզիչների՚ մոլեգին չարությունը և ուրախանալը կոնկրետ այս առիթով: Ախր, ոչ մեկի ասելով չէ՝ պատմությունը իր գնահատականը կտա ամեն մեկի գործունեությանը: Ի վերջո, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն՝ անկախ ոմանց ճաշակից և նախընտրություններից: Ոչ ոք չի կարող իր կամ ցանկացած մեկի արած-չարածը խմբագրել: 

Կուզեի նաև հիշեցնել, որ չարությունը վերադառնում է, էդքան հեշտությամբ անեծք մի որոճացեք: Անգամ մտքում: Ոչ ոք չգիտի, թե ինչ-որ առիթով, ինչ-որ մեկին ուղղված անեծքը երբ կվերադառնա իրեն ու՝ ինչ ուժգնությամբ: Ասեմ, որ ձեր անեծքները հաստատ չեն հասնում Վովա Գասպարյանին, այլ մնում են ձեր շուրջբոլորը… Ինձ զարմացնում և …չեն զարմացնում նաև այն մարդիկ, որ ամենատարբեր հարցերով խնդրել և ստացել են Վովա Գասպարյանի շռայլ մարդկային աջակցությունը: Էդքան շուտ մի ուրացեք, մի քիչ մարդ եղեք… Ախր, շատերը ձեր մասին ավելին գիտեն, քան ձեզ թվում է: 

Վերջում խոսքս նրանց եմ ուղղում, որոնց թվում է, թե Վովա Գասպարյանը ինչ-որ բան է կորցնում՝ հեռանալով ծառայությունից: Կապրեք՝ կտեսնեք, որ հակառակը. էսքանը ասեմ: 
Եվ եթե դեռ կլինեն մարդիկ, որոնք վերջապես երջանիկ են Վովա Գասպարյանի հեռանալու լուրից, ի՞նչ ասեմ՝ թող դա էլ իրենց ընտանեկան միակ երջանկությունը լինի:

Խոստովանեմ՝ որպես հին ընկեր՝ անչափ ուրախ եմ, որ վերջապես Վովա Գասպարյանը կարող է իր մնացած կյանքը ապրել ազատ, իր հետաքրքրություններով, իր մեծ ու փոքր ուրախություններով, մանավանդ՝ էդ կարգի հազար ու մի չարության տիրույթից դուրս: Էդ չարությունը ժամանակին հետապնդել է մեր երկրի բոլոր հզոր անհատականություններին՝ Վազգեն Սարգսյանին, Վանո Սիրադեղյանին և Վովա Գասպարյանին. չորրորդին կդժվարանամ նշել:

Ամենավերջում՝ սրտանց շնորհավորում եմ Վովա Գասպարյանին վերջապես իրեն բաժին հասած ազատության և անկախության առթիվ:

Մարգարիտ Սարգսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ