Արհավիրքի ժամանակ ինքնաբուխ մղումով նետվել են սահմաններ. Ս. Օհանյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը ներկաներին փոխանցեց ԼՂՀ ՊԲ ղեկավար Մովսես Հակոբյանը: Ուղերձում ասված էր, որ Երկրապահն առաջին իսկ օրվանից կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում: Նրանց կատարած քայլերը սխրագործություններ են, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուղղված են հայրենիքի զարգացմանն ու հայ ժողովրդի բարգավաճմանը:
“Սա դժվարին ու ազգանպաստ պարտավորություն է, որն այսօր իրականացնում են մեր երկրապահները: Հաջողություն եմ մաղթում համագումարի աշխատանքներին”,- ասված էր ուղեւրձում:
Ապա ներկաներին ՀՀ զինված ուժերի ու իր անունից ողջունեց ՊՆ Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ ներկաները իր մարտական ընկերներն են, արհավիրքի ժամանակ ինքնաբուխ մղումով նետվել են սահմաններ ու պաշտպանել հայրենիքի սահմանները ու վաստակել երկրապահի բարձր կոչումը:
“Երկրապահը կանգնեց հայրենիքի բարձր դիրքերում ու սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ կատարեց իր դժվարին առաքելությունը: Առաջինը երկրապահն էր, որ կանգնեց բանակի ստեղծման հիմքում ու գնաց դեպի հաղթանակ: Բանակի ու ԵԿՄ-ի խնդիրն է անվտանգություն ապահովել ու այս գործում նրանք փոխլրացնում են միմյանց”,- շեշտեց Օհանյանը:
Նա նշեց, որ ԵԿՄ 10-րդ համագումարը կայանում է անհանգիստ ժամանակներում, երբ թշնամին չի կարողանում զսպել իր ֆաշիստական նկրտումները: Նախարարը հիշեցրեց, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Արմեն Հովհաննիսյանն ու իր ընկերները հերոսաբար հետ մղեցին հակառակորդի դիվերսիոն գործողությունները:
“Թշնամին ամեն անգամ ջախջախվում է, ետ է շպրտվում եւ անիմաստ լարվածություն է ստեղծում շփման գծում”: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այս օրերին, երբ Օլիմպիական հրադադարը պետք է որ պահպանվեր, թշնամին կրկին լարվածություն է ստեղծում:
Ելույթի ավարտին նախարարն ասաց, որ ամռանը կայանալու է հայկական բանակի երիտասարդ սպաների երկրորդ համաժողովը եւ հրավիրեց ներկաներին մասնակցել: