Հանրապետականը բաց չի թողնի ռևանշի հնարավորությունը. Արամ Սարգսյան
«Այն համակարգը, որը կար Հայաստանում բոլորիս սեղմած էր պահում և վերջապես տեղի ունեցավ, այն ինչի համար բոլորիս շնորհավորում եմ»,-այսօր՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Քաղաքական գործիչը սակայն սա վերջնական հաղթանակ չի համարում, քանի որ կարծում է՝ հանրապետականը բաց չի թողնի ռևանշի հնարավորությունը:
«Օլիգարխիան այդքան հեշտ թույլ չի տա, որ ամեն բան իրենց ձեռքից գնա»,-ընդգծում է Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը հիացած է կատարվածով, սակայն հայերը չպետք է կորցնեն զգոնությունը:
Արամ Սարգսյանը նշում է, որ պետք է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և Ռուաստանի հետ ունեցած կապերը պահպանել նախկինի նման:
Արամ Սարգսյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հենվի լայն հասարակության վրա, որ հնարավոր լինի Հայաստանում լուրջ փոփոխություն բերել.« Եթե նորից ինչ-որ փոքր խմբակով դա փորձեն անել դա հնարավոր չի լինի: Մենք ունենք 90-ականների սկիզբը: Մենք ունենք ՀՀՇ-ի դատապարտված փորձը: Աստված մի արացսե, որ մենք նորից այդ դեժավյուն վերապրենք, որովհետև փողոցից կառավարման համակարգ եկող մարդիկ մեծ վտանգ են»,-փաստում է Արամ Սարգսյանը: