Հետո ուշ կլինի
Մոտ 2500 տարի առաջ, «Տերը բարկացել էր Երուսաղէմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տէրը նրանցից երես թեքեց։ (Դ.Թգ 24:20): Սեդեկիա թագավորը չհասկացավ, որ թէև իր իշխանությունն Աստծուց էր, այն սահմանափակ էր: Նա չեր լսում Աստուծո խոսքը ու ճիշտ չէր կառավարում: Նա մոռացել էր որ Աստված է դնում ու հանում թագավորներին (Դանիել 2:21): Ժողովուրդն էլ ապստամբում էր Աստուծո առաջ ու մեղք գործում:
Աստված Բաբելոնին օգտագործեց Իսրայելի դեմ դատաստան տեսնելու համար: Բաբելոնի Նաբուգուդանոսր թագավորը եկավ Երուսաղեմն ավերեց, Տաճարն այրեց, Սեդեկիային պաշտոնանկ արեց, Երեմիա մարգարեին ազատեց, Սեդեկիայի երեխաներին սպանեց հոր առաջ, ապա նրան կուրացրեց ու ամբողջ ազգի հետ քշեց բաբելոնյան գերության:
Մեր ազգին հիմա շտապ երկխոսություն է պետք սկսել: Երկխոսություն, թե ինչն ենք համարելու կարևոր, ինչն ենք պաշտելու՝ փողն ու խրախճանքը, թե Աստծուն: Ինչ ենք ցուցադրելու հեռուստատեսությամբ, վայրենի դիվական սերիալներ ու հաղորդումներ, թե՞ ծրագրեր բարության, սիրո ու զղջման մասին:
Երկխոսություն, թե ինչ ենք սովորեցնելու մեր երեխաներին՝ «հոլիվուդ», գենդեր, ծնողի դեմ անհնազանդություն, «ընտանեկան բռնություն», փողապաշտությու՞ն, թե՞ բարություն ու սեր: Երկխոսություն թե ինչպես ենք վարվելու իրար հետ՝ ատելությամբ ու ամենավերջին խոսքերո՞վ, թե սիրով ու հարգանքով: Հետո ուշ կլինի:
Արմեն Հարեյան