Կա սահման, որը դժգոհություն արտահայտողները չպետք է անցնեն. ՀՀ վարչապետ
«Տեսնում եք, թե այս օրերին իրավապահ մարմինները որքան զուսպ էին, բայց ես չէի ցանկանա, որպեսզի այդ անհամաչափությունը այնքան խախտվի, որ իրավապահները ստիպված լինեն հարկադրանքի միջոցներ կիրառել: Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ»,- «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին:
Վարչապետը նկատել է, որ տարիների ընթացքում իշխանությունները մեծացրել են քաղաքացիների հնարավորությունները՝ իրենց դժգոհությունը, բողոքը արտահայտելու: Հայաստանում այս մասով որևէ արգելք չկա, բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհով դժգոհություն արտահայտելը:
«Հասարակություններում դժգոհությունները միշտ էլ առկա են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց գոնե միջին չափով ցանկությունները:
Խնդիրն այլ հարթությունում է, թե որքանով են այդ մարդկանց բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով: Եթե ամեն ինչ համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չունենք՝ հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտումը՝ հավաքներ, երթեր, ինչ-որ չափով պետք է սահմանափակեն այլ քաղաքացիների իրավունքները և ազատությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կա սահման, որը դժգոհություն արտահայտողները չպետք է անցնեն: