17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ա. Բաղդասարյանի նամակը` Պատրուշեւին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի հետ կապված նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին:

Ներկայացնում ենք նամակը`

Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Դիմում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության մեջ վերջերս կատարված փոփոխությունների հարցի կապակցությամբ: Նախ եւ առաջ նշեմ, որ մենք ըմբռնումով ենք մոտենում ներկայում բազմաթիվ երկրների համար արդիական խնդրի՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության համատեքստում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Միեւնույն ժամանակ, գտնում ենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ”Ռուսաստանի Դաշնությունից մեկնելու եւ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին” դաշնային օրենքի 27-րդ հոդվածում եւ ”Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին” դաշնային օրենքի 5-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին” 2013 թվականի դեկտեմբերի 28-ի Ռուսաստանի Դաշնության N 389-Ֆ3 դաշնային օրենքի դրույթների կիրառումը հաշվի չի առնում մեր համատեղ միգրացիոն քաղաքականության մի շարք կարեւոր հանգամանքներ: Սույն օրենքի համաձայն` մուտքի վիզա չպահանջող կարգով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացու՝ Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավորապես գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել հանրագումարային 90 օրը՝ յուրաքանչյուր 180 օրվա ժամանակահատվածի համար, ինչը տարածվում է նաեւ Ռուսաստանի Դաշնություն այցելող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ միգրացիոն վերը նշված սահմանափակումը լուրջ մտահոգությունների եւ քննադատությունների առարկա է դարձել Հայաստանի հասարակության լայն շրջանակներում եւ զանգվածային լրատվության միջոցներում: Ելնելով Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ռազմավարական դաշնակիցների եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամների միջեւ անվտանգության բոլոր ոլորտներում հարաբերությունների անշեղորեն խորացման հանգամանքից՝ մենք պետք է ակտիվորեն շարժվենք մեր ժողովուրդներին համակողմանիորեն մոտեցնող միջոցներ եւ որոշումներ ընդունելու ճանապարհով, այդ թվում՝ մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել այն, որ մեր երկրների քաղաքացիների միջեւ առկա են բազմաթիվ բարեկամական կապեր, եւ առանձին իրավիճակներում կարող է առաջանալ Ռուսաստանի Դաշնության տարածքում առավել երկարատեւ` կիսամյակի ընթացքում 3 ամսից ավելի ժամանակահատվածով գտնվելու անհրաժեշտություն: Մտահոգության տեղիք է տալիս նաեւ այն, որ մուտքի վիզա չպահանջող կարգով ՌԴ մուտք գործած, աշխատանքային պայմանագիր կնքած եւ աշխատանքի թույլտվություն ստացած Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու ժամանակահատվածի սահմանափակումը մեկ տարի ժամկետով, ինչպես նաեւ ՌԴ օրենսդրությանը համապատասխան աշխատանքային պայմանագրեր կնքելու գործատուների դժկամության եւ հաշվառման ընթացքում չարաշահումների վերաբերյալ փաստերը կարող են հանգեցնել Հայաստանի քաղաքացիների արտաքսման դեպքերի ավելացմանը:

Հարկ եմ համարում նաեւ նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ նման սահմանափակումներ չեն կիրառվում եւ չեն կիրառվելու հետագայում: Ելնելով սրանից՝ մեր պետությունների քաղաքացիների վերաբերյալ միգրացիոն քաղաքականությունն անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել կողմերի հավասարության հիման վրա: Մեր պետությունների միջեւ ինտեգրացիոն գործընթացների խորացման ճանապարհին կարեւորագույն փուլ է հանդիսանալու Եվրասիական միության ստեղծումը 2015 թվականի սկզբին, եւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես եւ Ռուսաստանի Դաշնությունը, հանդես կգան որպես մեր ժողովուրդների համար գոյություն ունեցող արգելքներն ու սահմանափակումները վերացնելուն կոչված ինտեգրացիոն միավորման իրավահավասար անդամներ: Այս առումով նպատակահարմար ենք գտնում Հայաստանի քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող առկա խնդիրների կարգավորմանն ուղղված քննարկումը եւ միջոցների ձեռնարկումը, անհրաժեշտության դեպքում համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդների, Արտաքին գործերի նախարարությունների եւ միգրացիոն մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` նշված խնդիրները քննարկելու եւ փոխընդունելի լուծումներ գտնելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ