26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը՝ սառը պատերազմի առաջին գծում. Ժամանակ

Սիրիայի վրա հրթիռային հարվածը հղի է տարածաշրջանում և աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով` ասված է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստում ընդունված հայտարարության մեջ: ՀԱՊԿ մշտական մարմինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի աջակցությամբ հրթիռային հարվածները, որոնք կատարվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի խախտմամբ, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակառակ և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության: ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել միջազգային հանրության կողմից իրեն վստահած միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման խնդիրների կատարման համար:

Ավելորդ չէ արձանագրել, որ ՀԱՊԿ այս հայտարարությունը նախաձեռնվել է ՄԱԿ ԱԽ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու Վլադիմիր Պուտինի նախաձեռնության համատեքստում: Մոսկվան ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել էր բանաձևի նույնաբովանդակ նախագիծ, որը սակայն մերժվել է` Ռուսաստանից բացի, արժանանալով միայն Չինաստանի և Բոլիվիայի աջակցությանը:

Սակայն վերադառնանք ՀԱՊԿ-ն, որը ֆորմալ առումով ներկայացված չէ սիրական գործընթացում, սակայն, ըստ էության, նոր Սառը պատերազմում դարձել է Մոսկվայի գործիքը: Կրեմլում ցանկանում են պատրանք ստեղծել, թե իբր իրենց սիրիական կամպանիան վայելում է պետությունների կոալիցիայի աջակցություն` հակակշիռ ստեղծելով արևմտյան կոալիցիային, որը միավորում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիային: Քարոզչական, դիվանագիտական այս իմիտացիան Ռուսաստանի համար անհրաժեշտություն է մանավանդ Սիրիայի գիշերային ռմբակոծություններից հետո, երբ Մոսկվայի վերջին տարիների հիմնական դաշնակիցներից մեկը` Թուրքիան բարձր մակարդակով իր աջակցությունը հայտնեց արևմտյան կոալիցիայի գործողություններին:

Սակայն ՀԱՊԿ-ի այսօրվա դիրքորոշումը վտանգավոր իրավիճակ է ստեղծում հատկապես Հայաստանի համար: Մոսկվայի կոշտ քաղաքականության և պարտադրանքի հետևանքով Հայաստանի որդեգրած «և, և»-ի քաղաքականությունն, ըստ էության, այլևս չի աշխատում: ՀԱՊԿ-ն աստիճանաբար վերածվում է Սառը պատերազմի առաջնագծի, ինչն առնվազն ենթադրում է, որ ռազմաքաղաքական այդ բլոկի անդամները դառնում են արևմտյան, հատկապես ամերիկյան պատժամիջոցների հնարավոր թիրախներ` ըստ էության, նույնացվելով Ռուսաստանի հետ: Հայաստանի վիճակն ավելի ռիսկային է մի քանի առումով: Մի կողմից` մենք կաշկանդված ենք այն հանգամանքով, որ մեր զինված ուժերի սպառազինությունների, ըստ էության, միակ մատակարարը Ռուսաստանն է, մյուս կողմից` ֆորմալ առումով, հենց Հայաստանի ներկայացուցիչն է այս պահին հանդիսանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Մեդալի մյուս կողմում Վաշինգտոնի նախազգուշացումն է` պատժամիջոցներ կիրառել բոլոր այն երկրների հանդեպ, ովքեր ռազմական էական գործարքների մեջ կլինեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Հայաստանը կարող էր Վաշինգտոնի լոյալությունն ակնկալել գոնե չեզոք քաղաքականության պարագայում, սակայն այսօր բացահայտ հակաամերիկյան կեցվածք է որդեգրել ՀԱՊԿ ձևաչափում:

Դոնալդ Թրամփի վարչակազմը սովոր է կտրուկ գործողությունների և թերևս Հայաստանը հայտնվում է, պայմանականորեն ասած, Վաշինգտոնի հնարավոր «սև ցուցակում»` դրանից բխող հետևանքներով:

Հայաստանի իշխանության սխեմատիկ մոտեցումները, բալանսավորված քաղաքականության մասին լեգենդներն այլևս չեն աշխատում, որովհետև մեր երկիրը կամա թե ակամա դիրքավորվել է նոր Սառը պատերազմում: Թերևս անհրաժեշտություն կա, որպեսզի Հայաստանն ավելի նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարի` երկկողմ հարաբերությունների, գլոբալ հարցերի վերաբերյալ սեփական տեսակետները հրապարակայնացնելու մակարդակներում: Հայաստանը կտրուկ չի կարող վերանայել իր արտաքին քաղաքականությունը, սակայն գոնե պետք է օգտագործի իր սահմանափակ ռեսուրսներն` իր սուբյեկտությունը, ինքնաբավությունն ընդգծելու համար: Անվտանգության ապահովման հրամայականն այլընտրանք չի թողնում:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ