26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին «Արմենպրես»-ի  հարցին ի պատասխան ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:

Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաեւ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի եւ այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:

Ազատ խոսքի եւ կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարեւորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար:

Միեւնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը:

Մեր երկրի անվտանգությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:

Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը եւ կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչեւ ոստիկան, թանկ է բոլորիս համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ