ՀԱԿ-ն այլեւս լուրջ անելիք չունի. Շարմազանով /վիդեո/
Henaran.am-ը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
–Պարոն Շարմազանով, խորհրդարանական հայտնի ուժերը շարունակում են քննարկել գազային պայմանագիրը եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները նույնիսկ հայտարարել են, որ եթե իշխանությունը չզիջի, նրանք դուրս են գալու հրապարակ՝ միտինգային պայքարի:
-Նախ, ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ուլտիմատումներին, ապա կարծում եմ, որ մի քիչ շատ են ոգեւորվում: Եվ կարծում եմ, որ իրենց առաջնորդի՝ Խորենացուց մեջբերումը, որ “վերմակը ոտքերի երկարությամբ պետք է մեկնել”, նաեւ վերաբերում է ՀԱԿ-ին եւ առաջին հերթին ՀԱԿ-ին:
Կարծում եմ, նմանատիպ հայտարարությունների պատճառն այն է, որ Ձեր նշած խմբակցությունը կամ կուսակցությունը այլեւս որեւէ լուրջ անելիք չունի քաղաքականության մեջ եւ դա իրենց նյարդայնացնում է:
Ինչ վերաբերում է գազային համաձայնագրերին, պետք է ասեմ, որ եթե ցանկությունների դաշտից խոսենք, ապա մեր ցանկությունները շատ ավելի մեծ էին, որ ոչ թե 189 դոլար լինի սահմանին, այլ 89 կամ 8 կամ ձրի լինի մեր ժողովրդի համար:
Իսկ ո՞րն է այլընտրանքը: Այլընտրանքը դրա պետք է լիներ 400, 500 միգուցե 600 դոլարը, որի արդյունքում գները բարձրանալու էին, դրանից աղքատությունը մեծանալու էր: Եթե իրենք աղքատության բարձրացման կողմնակից են, գնաճի կողմնակից են, ապա դեմ պետք է լինեն այս համաձայնագրին:
Ես հասկանում եմ, որ այսօր մարդիկ սոցիալական խնդիրներ ունեն: Սիրելի ժողովուրդ, եթե այսօր վճարում ենք 50, 40 կամ 60 հազար, ապա եթե այդ պայմանագիրը չլիներ կվճարեինք 200 կամ 250 հազար: Հիմա ո՞րն է լավ: Իսկ ով սրան դեմ է, այլընտրանքն աղքատության ավելացումն է, եւ կարիք չկա կեղծ հայրենասիրություն խաղալ:
Մանրամասները՝ տեսանյութում: