ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը
Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշենք, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։ ՔՊ անդամների ազատ արձակումից հետո ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, հայտարարելով, որ ոստիկանության ցանկացած նմանօրինակ գործողություն արժանանալու է հակագործողությանը, հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ, նմանօրինակ մեղադրանքով բերման էին ենթարկվել ՔՊ ևս երկու անդամներ՝ Մեսրոպ Պապիկյանը և Նորայր Հայրապետյանը։ Քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է, որ ոստիկանության նման գործելաոճը չի կարող ստիպել դադարեցնել ապրիլի 13-ին ժամը 18:30 Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքները, և դրանք այս օրերին կդառնան ավելի ծավալուն և տարաբնույթ։ Այսօր #ԻմՔայլը արշավի մասնակիցները տնկելու են ուսանողի ծառը, քայլարշավը մեկնարկելու է ժամը 12-ին Դդմաշենի մերձակայքից։ Մասնակիցները քայլելու են 11 կիլոմետր, հասնելու են Հրազդան քաղաք և գիշերելու են Հրազդանի ՔՊ գրասենյակում՝ Սասուն Միքաայելյանի շտաբում։
«Իմ քայլը» արշավ