Տղամարդը քարով և կացնի բութ մասով հարվածներ է հասցրել 79 ամյա կնոջը
Սյունիքի մարզում 79-ամյա կինը վիճաբանության ժամանակ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
2018թ. ապրիլի 9-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի մի բնակչուհի՝ ծնված 1939թ.: Պարզվել է, որ տարեց կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կինը ճանաչվել է տուժող և անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել է, որ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 1958թ. ծնված տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. վերջինս քարով և կացնի բութ մասով հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանում:
Սյունիքի մարզի 1958թ. ծնված բնակիչը ապրիլի 9-ին ձերբակալվել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող կացինը, քարեր` արնանման նյութի հետքերով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե