Թուրքիան պատասխանել է Աֆրինի մասին Լավրովի արած հայտարարությանը
Թուրքիայի վարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Լավրովը հույս էր հայտնել, որ Թուրքիայի զինված ուժերն Աֆրինի վերահսկողությունը կհանձնեն Սիրիայի կառավարությանը։
«Աֆրինում Թուրքիայի ներկայությունը օկուպացիա չէ։ Այնտեղ օպերացիա իրականացվեց Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և տարածքը ահաբեկչական կազմակերպություններից մաքրելու համար: Աֆրին նահանգը հանձնելու ենք աֆրինցիներին։ Մեր նպատակը Սիրիան մասնատելը չէ։ Մենք Սիրիայի հողերում չենք մնալու»,- ասել է Բոզդաղը։
Վեջինս նաև տեղեկացրել է, որ մինչև օրս «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ժամանակ Աֆրինում սպանվել է 4.044 քուրդ զինյալ։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել էր. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, թե Թուրքիան ցանկանում է օկուպացնել Աֆրինը: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, մենք մտածում ենք, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճանապարհը այդ հողերի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը վերադարձնելն է»: