26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել». Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը գերմանական «Der Spiegel» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել։ 

«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքականացնել Եվրոպան։ Մենք դա չենք ընդունում։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ  խնդիրներ և հակասություններ ունի, գտնվում է ոչ անվտանգ վիճակում։ Թուրքիան կալանավորում է այն հույն զինվորականներին, ովքեր թուրքական տարածք էին մտել ընդամենը 10 մետրով, նախկինում թուրքերը նման իրավիճակներում այլ կերպ էին վարվում։ Դա լավ բան չէ»,-ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը։

Վերջինս հավելել է, որ իր ձեռքի տակ առկա են հարյուրավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ եղել են դեպքեր, երբ թուրք զինվորներն են հատել Հունաստանի սահմանը, բայց ի տարբերություն թուրքական կողմի՝ պաշտոնական Աթենքը թույլատրել է թուրք զինվորներին վերադառնալ Թուրքիա։

Ավելի վաղ էլ Թուրքիայի վարչապետը Հունաստանի հասցեին հեգնական արտահայտություններ էր հնչեցրել։               

Նա մասնավորապես ասել էր.

«Կարևորություն մի տվեք Հունաստանին։ Մեր նահանգներից մեկի չափ երկիր է ընդամենը: Ստամբուլից նույնիսկ մի քիչ փոքր: Բայց դե հարևան են:  Եթե իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պահվող 2 հույն զինվորականները թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետի աշխատակիցներ են, ովքեր մարտի 2-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և սխալմամբ հատել էին թուրքական սահմանը:

Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նրանց հայտնաբերել և ձերբակալել էին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում։ Նրանք մեղադրվել են լրտեսության և արգելված  գոտի մուտք գործելու մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ