15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի պատմական ժամանակացույցը. Ժամանակ

Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: Խորհրդակցության սկզբում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի.

«Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ եւ չափելի միջոցառումների մշակումը, եւ մինչեւ 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը»:

Ընթացիկ տարվա ընթացքում սա Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած երկրորդ խորհրդակցությունն է` ռազմավարական պլանավորման թեմայով: Վերջին մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ Սերժ Սարգսյանը խոսել է 2040-ի տեսլականի, այդ համատեքստում` չորս միլիոնանոց Հայաստանի մասին:

Նախագահականում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը բովանդակային առումով շատ նման է Սերժ Սարգսյանի նոր իշխանության ծրագրային շնորհանդեսի: Գործող նախագահը ուղերձ է հասցեագրում, որ իր նոր իշխանության առաքելությունն ասոցացված է համազգային օրակարգի, խնդիրների հետ: Նույնիսկ կարելի է պնդել, որ ժողովրդագրական քաղաքականությունը, գոնե ծրագրային մակարդակում, լինելու է Սերժ Սարգսյանի իշխանության գլխավոր այցեքարտը:

Սա խիստ էական հանգամանք է, որովհետեւ Երրորդ հանրապետության նախորդ երեք իշխանությունները, դարձյալ ծրագրային մակարդակում, համազգային նպատակ, խնդիր են ձեւակերպել ԼՂ խնդիրը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը փոխում է Հայաստանի իշխանության ձեւավորման մոտիվացիոն հիմքը:

Մյուս կողմից` 2030-ը կամ 2040-ը մոգական կամ շատ հեռավոր տարեթվեր չեն, եւ 15-20 տարի հետ չորս միլիոնանոց Հայաստանի հեռանկարին հասնելու համար մեր երկիրը որակապես պետք է փոխվի հենց այսօրվանից: Կառավարման այսօրվա որակը, օլիգոպոլ համակարգը, կոռուպցիան, արտագաղթը խթանող հիմնական գործոններն են, եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում երկրի բնակչության թիվը գլորվեց հոգեբանական երեք միլիոնից ներքեւ:

Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն անկեղծ է իր հեռանկարային ծրագրերում, ապա նրա պատկերացրած եւ ղեկավարած Հայաստանների կոնտրաստն այնքան ակնհայտ է, որ հասարակությունը պարզապես չի հավատում հնչած խոսքին, ծրագրերին: Հայաստանում չի կարող մրցունակ տնտեսություն ձեւավորվել, ներդրումային միջավայրը բարելավել, եթե քաղաքացիները չեն վստահում պետությանը, այն նույնացնում են կոռուպցիոն համակարգի հետ:

Նման համատեքստը միայն նպաստում է արտագաղթի տեմպերի աճին` երկիրը կանգնեցնելով ժողովրդագրական լուրջ աղետի, անվտանգության ռիսկերի առջեւ: Հայաստանում չի կարող լինել ազատական, մրցունակ տնտեսություն, եթե այդպիսին չեն պետական, քաղաքական համակարգերը: Այս հարցերի պատասխանները չեն տալիս ոչ «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթուղթը եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի ելույթը:

Մյուս կողմից` Սերժ Սարգսյանի բոլոր ծրագրերը հիմա ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացի հետ: Արդյոք Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ իր թիմն իշխանության է մնալու մինչեւ 2040թ-ը, թե՞ նրա իշխանավարման երրորդ ժամկետը իրապես պատմական է լինելու:

Այս հարցերի պատասխանները թերեւս կունենանք 2018-ի ապրիլից հետո, երբ իշխանությունը վերջապես դուրս գա, այսպես կոչված, նախընտրական ռեժիմից եւ բացահայտի իր իրական քաղաքականությունը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ