30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արյունով ազատագրված հողը երբեք չի վերադարձվում. սա պատերազմի օրենքն է. Գրիշա Սարգսյան

Սիրելի հայրենակիցներ, իմ քաջարի մարտական ընկերներ, հայրենյաց սահմանների պաշտպանության սուրբ գործի հերթափոխը ստանձնած հայոց հերոսական բանակի նույնքան հերոսական զինվորներ։

Ահա բոլորեց ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը և դեռևս թարմ է հող հայրենիի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրաբերած մեր տասնյակ հերոս քաջորդիների կորստյան ցավը, որը երբեք չի սպիանա, քանի ապրում է մեր ժողովուրդը։ 
2016-ի լայնածավալ գործողություններով դավադիր ազերին կրկին փորձեց ուժի միջոցով իրականացնել իր ստոր մտադրությունը, բայց ի պատիվ մեր քաջարի զինվորների՝ այդ ագրեսիան լիակատար ձախողվեց:
Թշնամու սադրիչ գործողությունների հետեւանքով ունեցանք անդառնալի կորուստներ: 
Ես գլուխ եմ խոնարհում մեր թանկ ու նվիրական հերոսների շիրիմների առաջ, խորին խոնարհումս զոհվածներին, հաշմանդամ դարձած զինվորներին, նրանց ընտանիքներին և հարազատներին։
Ապրիլյան քառօրյայի հենց առաջին ժամերին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը
տարածքային բոլոր ստորաբաժանումներին
դիմեց մարտական պատրաստականության կոչով, ինչին հետևեցին կոնկրետ գործողություններ և վետերաններից անմիջապես կազմավորվեցին ինքնակամ ջոկատներ՝ համալրելով ղարաբաղյան ռազմաճակատը: 
ՄՀՆՋ-ի մարտիկները մի քանի հերթափոխով կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրները՝ չեզոքացնելով հակառակորդի առաջխաղացումը։
Նրանք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեին, շատերը նեղության մեջ էին, հազարումի դժվարությունների տակ կքած, սակայն Հայրենիքի վտանգի պահին առժամանակ մի կողմ դրեցին իրենց պրոբլեմներն ու զինակից ընկերների հետ մեկնեցին առաջին գիծ։
Հայրենասիրությունը մեր հավատամքն է, Հայրենիքը՝ մեր սրբության սրբոցը։ 
Իշխանություններն անցողիկ են, իշխանավորներն ու նրանց բերած ձախորդ օրերը, մեծն Ջիվանու ասած՝ վերջ կունենան, կուգան ու կերթան, իսկ Հայրենիքը, նվիրյալ զավակներ ունենալու դեպքում, հավերժ ու հաստատուն է, մեր բիբլիական լեռան պես անսասան և կանգուն, որի պաշտպանության օրհասական պահերին բոլորս պարտավոր ենք մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, համախմբվել և դառնալ միասնական բռունցք։ 
Հայրենիքի կանչով մենք պատրաստ ենք կանգնել մեր հերոս երիտասարդների կողքին և Ադրբեջանին հիշեցնել 1994 թվականը, երբ ծնկի իջած խնդրում էր, որ գնանք բանակցությունների։ 
Ու մինչ միջազգային որոշ կառուցներից և զանազան ամբիոններից ժամանակ առ ժամանակ կոչեր ու հորդորներ են հնչում տարածքներ հանձնելու վերաբերյալ, ես բոլոր այդ մոլորյալներին կասեմ հետևյալը. լսեք և ականջներիդ օղ արեք. մենք երբևէ տարածքներ չենք գրավել, այլ ազատագրել ենք ոսոխից մեր հողերը, իսկ ԱՐՅՈՒՆՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ. ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆ Է։

Մեր հերոս տղաների խիզախությամբ ու արյամբ ազատագրված հողերը, լսո՞ւմ եք, երբևէ վերադարձման ենթակա չեն։ 

Փառք ու պատիվ ձեզ, հայոց պատմական տարածքները ազատագրած, ամեն թիզի պաշտպանության համար պայքարած և այդ հողերը ձեր արյամբ ներկած մեր հերոս և հզոր քաջեր։ 

Փառք ու պատիվ ձեզ հայոց բանակի մշտարթուն զինվորներ, որ ամեն օր Հայրենիքին ապացուցում եք ձեր նվիրվածությունն ու անկոտրում կամքը, ինչն ապացուցեցիք ապրիլյան քառօրյայի մղձավանջային օրերին և առավել քան վստահ եմ՝ կապացուցեք միշտ։

ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ, գնդապետ Գրիշա Սարգսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ