Սյունիքի մարզում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մանրամասներ
Սյունիքի մարզում, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «որովայնի «առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։
Գորիսի ոստիկանություն մեղայականով ներկայացել է նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հ.-ն, որը հայտնել է, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչեւ 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծի են ենթարկել իրեն եւ իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մ.-ին։ Մայիսիկ Հ.-ն հայտնել է նաեւ, որ վիճաբանության ընթացքում ինքը իր մոտ եղած դանակով հարվածել է Օհանջանյանի որովայնին եւ դիմել փախուստի։
Մայիսիկ Հ.-ն ձերբակալվել է։