Հարության Ավետիսն ազդարարող Պատարագից հետո Երևանում կանթեղներով ու մոմերով երթ կանցկացվի
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մարտի 31-ին Ճրագալույցի Պատարագից հետո կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը: Իսկ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները մոմերով և հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Հարության Ավետիսը:
Տոնակատարությունները կշարունակվեն ապրիլի 1-ին: Մի շարք եկեղեցիներում Հարության Ավետիսն ազդարարող Պատարագից հետո տեղի կունենան տոնական համերգներ, ազգային պարերի ուսուցում, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես և այլն:
Սուրբ Հարության միջոցառումների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների: