Ֆոնդեր ընտրելու պարտադրանքի ճնշումներ կան մարդկանց վրա. Դեմ եմ նախաձեռնություն
Այսօր “Մեդիա Կենտրոնում” կազմակերպված քննարկմանը Դեմ եմ նախաձեռնության անդամները խոսեցին պետաշխատողների կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու մասին.
“ՍԴ-ի որոշման արդյունքում, որով վիճարկում են կեսաթոշակային կուտակային օրենքի ութ հոդված, ստացվել է մի իրավիճակ, որտեղ վեճի առարկան տեղափոխվել է գործատու -աշխատող հարթություն”,-նկատեց նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:
Մեկնաբանելով իրավիճակը Մանուկյանը նշեց, որ վճարում կատարելու նորմը կասեցված չէ, կասեցված է վճարումը չկատարելու համար պատժի նորմը: Քաղաքագետը Ֆինանսների նախարարին հիշեցնում է, որ հունվարի 16-ի դրությամբ ընդամենը 1309 մարդ է ընտրել ֆոնդ:
“Ֆոնդեր ընտրելու պարտադրանքի ճնշումներ կան մարդկանց վրա, և մենք տեղեկություններ ենք ստանում այս մասին: Ճնշումներ կան դպրոցների և մանկապարտեզների աշխատողների վրա, որտեղ աշխատողներին ուղղակի ստիպում են ընտրել ֆոնդ, չնայած նրան, որ եթե անձի կողմից ֆոնդ չընտրվի, ֆոնդն ավտոմատ է ընտրվելու: Ուզում ենք խորհուրդ տալ ֆեոդալական համակարգի սիրահար մեր իշխանություններին՝ հիշել, որ դրսում 21-րդ դարն է”,-հավելեց Դավիթ Մանուկյանը: