Ովքեր էին ներկա Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակի արարողությանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան երեկ նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը:
Ըստ «Ժամանակ»-ի աղբյուրի՝ այդ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին նաև նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ:
Մասնավորապես՝ ծննդյան արարողությանը ներկա էին նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, կապի և տրանսպորտի ևս մեկ նախկին նախարար Մանուկ Վարդանյանը:
Արցախից ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի առաջին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը:
Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքից ներկա էին ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը և Նաիրա Զոհրաբյանը: Թեև Գագիկ Ծառուկյանը ծննդյան տոնին ներկա չէր՝ Հայաստանից բացակայելու պատճառով, սակայն նրան ներկայացնում էր մայրը՝ Ռոզա Ծառուկյանը:
«Ելք» դաշինքից ներկա էր Արտակ Զեյնալյանը: Ավելացնենք նաև, որ ՍԴ նախագահի ծննդյան տոնը իր ներկայությամբ պատվել էր նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Միջոցառման մասնակիցներն ասում են, որ կատարյալ ազգային համաձայնության հասնելու համար բացակայում էին միայն նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում