Քաղաքացին գողացել է «գոլդ» համարանիշներ ու դրանց դիմաց սպառնալով գումարներ ստացել. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Կ.Մ.-ն 2018 թվականի հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի տիրացել է Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված առնվազն 11 ավտոմեքենաների թանկարժեք (250 հազարից մինչև 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ) համարանիշների՝ ավտոմեքենաների դիմապակու վրա թողնելով այլ պետության բջջային օպերատորի հեռախոսահամարներ, որոնց միջոցով կապ հաստատելով սեփականատերերի հետ՝ համարանիշները վերադարձնելու դիմաց պահանջել է 120.000-ից մինչև 1 մլն դրամի չափով գումարներ՝ սպառնալով չհամաձայնելու դեպքում ոչնչացնել դրանք:
Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում` վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են դեպքի վայրի հարակից տարածքում:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի («Շորթում, որը կատարվել է խոշոր չափերով») հատկանիշներով, որում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել դեպքերի հանգամանքների վերաբերյալ կարևորություն ներկայացնող ցուցմունքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու և նշված հանցանքին հնարավոր առնչակից անձանց պարզելու ուղղությամբ:
ԱԱԾ-ից հայտնում են, որ հանցագործությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ (010)579314 կամ (011) 562724 հեռախոսահամարներով: