Հայաստան – Էստոնիա. ՖԱՖ-ը միասնական երթով կուղեւորվի ստադիոն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն Էստոնիայի դեմ ընկերական հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն կուղեւորվի երկրպագուների միասնական երթով։ Այդ մասին նշվում է շարժման հայտարարությունում։
«Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարեւոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել) մարտի 24-ին` ժամը 15:00-ից, հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջեւ գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան – Էստոնիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ: Երթի ընթաքում կլինի մասշտաբային Ֆայեր շոու:
Բոլորս լինում ենք ազգային հավաքականի մարզաշապիկներով կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Երթը կմեկնարկի 16:00, խաղի սկիզբը 18:00 է: FAF-ը լինելու Հարավային սեկցիայում՝ անմիջապես Արեւելյան տրիբունայի հարեւանությամբ»,- ասվում է հայտարարությունում։