«Կարծեմ ողջ տարին խոսում ենք զոռբաների դեմ պայքարելու եւ նրանց դեմն առնելու մասին». լրագրողը դեռ կբացահայտի
2018 թվականի մարտի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել է հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, լրագրողը հրավիրվել է քննչական վարչություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողը պնդել է հոդվածում նշված հանգամանքները և հայտնել, որ Կանաչուտ համայնքում գտնվող՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Ա.Սարգսյանին պատկանող տունը նկարահանելիս խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել միջադեպին առնչվող տեսագրությունները։
Պարզելու համար, թե այս պահի դրությամբ, ի՞նչ տեղաշարժ կա մարտի 15-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված, Henaran.am-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.
«Մենք արդեն հայտարարություն ենք տարածել` գործը գտնվում է նախաքննության փուլում: Մանրամասների մասին տեղեկատվություն կտրվի ավելի ուշ: Այս պահին ավելին ասել չեմ կարող»,-նշեց Սոնա Տռուզյանը:
Մենք փորձեցինք ստանալ նաեւ Fnews.am էլ օրաթերթի հիմնադիր, լրագրող Գայանե Զարգարյանի մեկնաբանությունը, ով մեզ հետ զրույցում ասաց.
«Հավանաբար տեղյակ եք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Իսկ այս պահին գործը դեռ նախաքննության փուլում է, եւ նախաքննության գաղտնիությունից ելնելով մանրամասներ հայտնել չեմ կարող»,-նկատեց Գայանե Զարգարյանը:
Հարցին` հավանաբար տեղյակ եք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ու գործում առկա ինչ մանրամասներ կցանկանայիք հրապարակել, հնչեց հեևյալ պատասխանը/
«Այս պահին, դեռ վաղ է, որեւէ գնահատական հնչեցնել, քանի որ նախաքննության ավարտից հետո միայն, կարող եմ հստակ կարծիք հայտնել, թե ինչքանով է օբյեկտիվ եւ անաչառ քննություն իրականացվել»:
Նշենք, որ լրագրող Գայանե Զարգարյանը, սույն քրեական գործով ճանաչվել է որպես տուժող:
Այն հարցին էլ, թե լրագրողը վճռակա՞ն է տրամադրված, այս միջադեպի բոլոր մանրամասները ջրի երես հանելու հետ կապված, եւ արդյ՞ոք այս գործի շրջանակներում եղել ե՞ն ճնշման փորձեր թե ոչ, Զարգարյանը հակադարձեց.
«Ինձ չեն կարող ճնշել՝ իրենց հեռավոր երազներում անգամ: Ես իմ տեսակը չեմ կարող փոխել ոչ մի պարագայում: Ես մարտական եմ տրամադրված, եւ իմ իրավունքները պաշտպանելու եմ մինչեւ վերջ: Կարծեմ ողջ տարին խոսում ենք զոռբաների դեմ պայքարելու եւ նրանց դեմն առնելու մասին, խնդրեմ՝ լայն դաշտ է բացվել, տեսնենք, որ կառույցի ուժը կպատի՝ սանձելու զոռբաներին, ու կապը կտրածներին:Ուրախ կլինեմ, եթե իրավապահ մարմինները՝ խոսքից գործի անցնեն եւ իրական մեղավորներին ենթարկեն պատասխանատվության:Վերջապես առաջին անգամը չէ, որ Սարգսյանների ուրախ գերդաստանը նման սկանդալային միջադեպերի կիզակետում է հայտնվում: Մի քանի տարի առաջ էլ, Ալիկ Սարգսյանի անվան փողոցում գտնվող այդ առանձնատունը նկարահանելիս կարծեմ ծեծկռտուք մեջ էր ընկել հայտնի լրագրողներից մեկը, ով այդ առթիվ մամուլով համապատասխան հայատարություն էր տարածել: Ինչքան էլ, որ ՀՀ նախկին ոստիկանապետը հետագայում հանդես եկավ հերքման արարողությամբ…Ակնհայտ է մի բան. Սարգսյանների դինաստիայի վարքաբանությունը տարիների ընթացքում չի փոխվել, եւ կարծես թե փոխվելու միտում էլ չունի:Ի՞նչ է Ալիկ Սարգսյանի անվան պետական փողոցը,Սարգսյանների սեփականությունն է՞, որ այնտեղ ոտք դնելուիրավունք պետք է ունենային մեծ ու փոքր Ալիկականները:Թե նրանց թվում է՞՝Ալիկ Սարգսյանի անվան փողոց մուտք գործելու համար, պետք է մուտքի «վիզա» հանել՝ նոր մտնել այդ տարածք, որպեսզի Սարգսյանների թագաժառանգը մարդկանց մեքենաների վրա չհարձակվի ու հետո էլ չհետապնդի՝չգիտակցելով, որ իր արկածների պատճառով, մարդիկ կարող են հատուցել կյանքով:Իսկ առհասարակ, ուրիշներին մեղադրելու եւ փնովելու փոխարեն, Սարգսյանները ճիշտ կանեն զբաղվեն իրենց զավակների դաստիարակությամբ՝ հասարակություն բաց թողնելուց առաջ»,-մեկնաբանեց լրագրողը: