Հայոց բանակը արդարացրել է մեր ժողովրդի պաշտպանի իր կոչումը թե’ մարտի դաշտում, թե’ այս լարված խաղաղության պայմաններում
Սրտանց և ջերմորեն շնորհավորում են Հայոց բանակի մարտիկներին, սպաներին, ողջ հրամանատարական կազմին, Գլխավոր գերագույն հրամանատարի` Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ` մեր բանակի ստեղծման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայոց բանակը մեր գլխավոր հույսն ու ապավենն է եղել պատմական և տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում և իր ստեղծումից ի վեր գերազանցորեն արդարացրել է մեր ժողովրդի պաշտպանի իր կոչումը թե’ մարտի դաշտում, թե’ այս լարված խաղաղության պայմաններում:
Մենք այսօր կարողանում ենք խաղաղ ապրել և աշխատել միայն ձեր հերոսության վրա բազմիցս ապացուցված վստահության շնորհիվ, գիտենք, որ բանակը մեր ամենահուսալի և ամուր կառույցն է` կոչված մեր հայրենիքի և պետության հավերժության ապահովմանը: Ամբողջ ազգի ոչ միայն հույսը այլև սերն ու հոգատարությունը պետք է այսօր ուղղված լինի Հայոց բանակին:
Այս նշանավոր տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ ոգու արիություն, քաջություն, անամպ երկինք, բարի ծառայություն և նոր հաջողություններ հայրենիքի պաշտպանության սրբազան գործում` ի փառս մեր պետականության և հարազատ ժողովրդի:
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ