Ես Քոչարյանի ձեռքից մեդալ չեմ ստացել. Բախշյանը պատասխանել է Փոստանջյանին
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում քննադատել է «Ելք»-ի անդամներին:
«Իր ամուսնու սպանության մեջ մեղադրվողի ձեռքերից մեդալ էր ստանում այն տիկինը, որն այն ժամանակ իմ գործընկերն էր»,- ասել էր Փոստանջյանը ՝ ակնարկելով Անահիտ Բախշյանին:
«Ես Ռոբերտ Քոչարյանի ձեռքից մեդալ չեմ ստացել»,- ավելի ուշ արձագանքել է Անահիտ Բախշյան: Նա նկատել է, որ մեդալ ստանալիս իր թեկնածությունն առաջարկել է «Ժառանգություն» խմբակցությունը, որի պատգամավորներն էին և ինքը, և Զարուհի Փոստանջյանն այն ժամանակ:
«Ես Հայաստանի հանրապետության 20 ամյակի առիթով , նախապատրաստվող տոնակատարությանն ընդառաջ եմ ստացել մեդալը , «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրել էր իմ թեկնածությունը: Ես մեդալը ստացել եմ Սերժ Սարգսյանի ձեռքից, իսկ Քոչարյանի մասին միշտ ասել եմ, որ արյունով եկավ՝ արյունով գնաց»,-մանրամասնել է Անահիտ Բախշյանը: