Արցախի փողոց Գլենդելում. մեծ և աննախադեպ իրարանցում/ֆոտո/
2018 թվականի մարտի 13-ը ԱՄՆ Գլենդել քաղաքում բնակվող հայերի համար պատմական օր էր: Կալիոֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվեց` Արցախի փողոց:
Նշենք, որ Գլենդելի քաղաքային խորհուրդն անցկացված քվեարկությամբ որոշել է քաղաքի փողոցներից մեկն Արցախի փողոց վերանվանելու գործընթաց սկսել։ Որոշումն ընդունվել է միաձայն։
ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Հաղթանակ եմ համարում կատարվածը, քանի որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայն անպարտելի է: Պատկերացնում եք մեր թշնամի թուրքերի ապրումները: Ցեղասպանության ճանաչման գործընթացի շրջանակներում` սա ապրելու և պայքարելու լրջագույն երաշխիք եմ համարում»,-նշեց Հարութ Բոգարյանը:
Հայապահպանության և պայքարելու իրենց մարդասիրական ծրագրերով հայտնի «Հայկական մոտոցիկլետի ակումբ»-ի (ARMENIAN BRIGADE) անդամները յուրովի են կիսել իրենց ուրախությունը: Նրանք ակումբի նախագահ Սամ Նաջարյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ներկա են գտնվել փողոցի հիմնադրման պաշտոնական արարողությանը:
«Միացյալ հայ երիտասարդների միության» ջանքերը ապարդյուն չեն անցել և նրանք արժանապատվորեն ներկայացրել են նախաձեռնության խորհուրդն ու կատարված աշխատանքը:
Հայ բայքերները ընդգծում են` սա սկիզբն է ու իրենք նախաձեռնելու են այլ նահանգներում բնակվող հայերի համար ևս խորհրդանշական վայրեր անվանելու գործընթաց: