Երեւանում մարտի 31-ին կլինի համաքաղաքային ծառատունկ եւ շաբաթօրյակ
Երեւանում մարտի 31-ը սահմանվել որպես համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Արդեն իսկ սկսեք նախապատրաստական աշխատանքներ տանել մասսայական ծառատունկերի վայրերն ընտրելու, ինչպես նաեւ անհրաժեշտ տնկիներ եւ տեխնիկական միջոցներ ապահովելու ուղղությամբ: Համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի մասին իրազեկեք նաեւ մեր համաքաղաքացիներին եւ պետական ու մասնավոր մեր բոլոր գործընկեր կառույցներին: Ի դեպ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիներին բարի ավանդույթ է ձեւավորվել, որ գարնանային ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենում նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, նրանց եւս անպայման տեղեկացրեք այս մասին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ շարունակել բակերում, այգիներում եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ներքին շաբաթօրյակները: