Մեզ դարձիր, Աստված
Քո երկիրը Քեզ հաճո՛ եղավ, Տե՛ր, և Հակոբին ետ վերադարձրիր իր գերությունից: Անիրավությանը Քո ժողովրդի թողությո՛ւն տվիր, ծածկեցի՛ր նրանց մեղքերը բոլոր: Սրտնեղություններդ մեր դեմ ունեցած լռեցրեցի՛ր, և Քո բարկության ելման վիճակից ե՛տ վերադարձար: Մե՛զ դարձիր, Աստվա՛ծ, Տե՛ր ու Փրկի՛չ մեր, սրտնեղությունդ մեր դեմ ունեցած հեռացրո՛ւ մեզնից: Քո բարկությունը հավիտյա՜նս հավետ մի՛ պահիր մեր դեմ, և բարկությունդ մի՛ տեղափոխիր սերընդե՜- սերունդ: Պիտի ապրեցնե՛ս դարձյալ մեզ, Աստվա՛ծ, և Քեզնո՛վ պիտի միշտ ուրախանա ժողովուրդը Քո: Ողորմություններդ ցուցաբերեցիր՝ արժանացնելով փրկություններիդ:
Մենք լսեցինք թե՝ մեր Տեր Աստվածը մեզ ինչ է ասում, իր ժողովրդի համար Նա՛ Խոսեց խաղաղության Խոսք՝ խաղաղությունն Իր սուրբ մարդկանց համար և նաև նրանց, ովքեր սրտո՛վ են Իր կողմը դարձել: Եվ նրա, ով որ երկյուղած է միշտ Տեր Աստծո առաջ՝ մոտի՛կ է նրան և փրկությունն իր. Տիրո՛ջ փառքերը պիտի բնակվեն մեր երկրի մեջ:
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, պիտի համբուրվեն արդարությունն ու խաղաղությունը՝ Աստծո սիրո մեջ: Ճշմարտությունը երկրից բուսեց, արդարությունը հայտնվեց երկնքից: Տերը պիտի տա քաղցրությունն Իր և երկիրն այդժամ այդ քաղցրության տակ պիտի պտուղ տա, արդարությունը պիտի ընթանա Տիրոջ առջևից, և ուր էլ քայլի՝ Նրա հետևից պիտի ընթանա:
Փոխադրությունը գրաբարից` Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանի