26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պատանի երկրապահները երդվել են

 Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ մարտի 5-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահը պանթեոնում նաև ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին: Վերջինիս հաջորդել է Ծիծեռնակաբերդի բարձունքում պատանի երկրապահների հանդիսավոր երդման արարողությունը;

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Միջոցառման սկզբում ընթերցվել է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձը «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ:

«Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք: Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները»,-ասված է ուղերձում:

Շնորհավորելով ներկաներին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա և պատանի երկրապահների հանդիսավոր երդման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել երկրապահ կամավորականների ծավալած գործունեությունը ինչպես Սպարապետի հիշատակը վառ պահելու, այնպես էլ նրա հայրենասիրական գաղափարներով նոր սերնդին դաստիարակելու գործում:

«Վազգեն Սարգսյանը բացառիկ ավանդ ունեցավ ոչ միայն արցախահայության ինքնապաշտպանության կազմակերպման և մարտական գործողությունների փայլուն վարման ասպարեզում, այլև իր գործունեությամբ ու նվիրումով օրինակ ու չափորոշիչ դարձավ բոլորի համար: Իր ապրած կյանքով նա հստակ ցուցադրեց ոչ միայն հայ կամավորականի, զինվորի ու հրամանատարի, այլև ռազմական ու պետական գործչի օրինակելի կերպարը: Եվ պատահական չէ, որ պատանի երկրապահների նոր սերունդը հանդիսավոր երդում է ընդունում այս նվիրական վայրում և այս նվիրական օրը»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Միջոցառումը եզրափակվել է ցուցադրական ելույթներով և երկրապահ կամավորականների հանդիսավոր քայլերթով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ