25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, որովհետև միայն Քեզ եմ ուզում

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ ոչ մի ցանկալի բան չունի աշխարհը, այլ միայն փորձություններ՝ դարձի ճանապարհը բռնողների համար: Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ աշխարհը չափազանց աղքատ է ինձ ինչ-որ բան տալու համար: Եթե այն, ինչ ուզում եմ, հնարավոր լիներ ձեռք բերել աշխարհում, ապա աշխարհը կվերածվեր երկնքի: Բայց ինչպես տեսնում եմ, այն դեռ երկիր է, իսկ ես երկնավորն եմ փնտրում, Հոգունը, Աստծունը: Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ ես աշխարհից չեմ: Ես հող չեմ, ինչպես կարծում են ոմանք. ես Աստծու շունչն եմ:

Հավիտենականության մեջ ես Աստծու հետ էի, և Աստված ինձ դրեց երկրում: Բայց շուտով այն պիտի լքեմ և վերադառնամ Աստծու մոտ: Եվ, ուրեմն, այս աշխարհից ոչինչ չեմ ուզում. « Ելա Հորից ու եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում Հոր մոտ » (Հովհ. 16.28): Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ իմ ուզածը դրանից գլուխս պրծացնելն է, ազատագրվելը մարմնից ու երկրից: Ուզում եմ վերադառնալ Աստծու մոտ, ուր և էի առաջ, նորից լինել սուրբ շունչ, որն աշխարհայինով պղծված չէ: Աշխարհից ոչինչ չեմ ուզում, որովհետև հավերժական, անմահ բաներն եմ փնտրում, իսկ աշխարհը ոչ մի անմահ բան չունի:

Այն ամենը, ինչ կա աշխարհում, անցողիկ է, նույնիսկ աշխարհն ինքը պիտի անցնի և վերանա: Ես անցողիկ բաներ չէ, որ փնտրում եմ: Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ կա Նա, Ումից խնդրում եմ, Նա, Ով հարուստ է և զորեղ, Ում մեջ ես գոհացում եմ գտել և Ում շնորհիվ ոչնչի կարիք չունեմ: Նա տալիս է նախքան իմ խնդրելը, տալիս է այն, ինչը բարի և օգտակար է ինձ համար: Ինչ ինձ Իր ձեռքն եմ հանձնել, աշխարհի կարիքը չեմ ունեցել:

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ ոչ թե իմ շահի համար է աշխարհն ինձ որևէ բան տալիս, այլ՝ իրեն հպատակեցնելու: Նրանք, ովքեր աշխարհի տվածը վերցրել են, դարձել են աշխարհի ստրուկները: Տվել է նրանց մարմնի հաճույքներ` զրկելով հոգու անբիծությունից: Տվել է աշխարհիկ վայելքներ` զրկելով երկնային Արքայության օրհնություններից: Սատանան նրանց տվել է աշխարհի բոլոր թագավորությունները և դրանց փառքը, որպեսզի իր առջև խոնարհեցնի ու երկրպագել տա իրեն: Նա ամեն միջոցի դիմում է, որպեսզի կորստյան մատնի մարդկանց հոգիները: Ինչ վերաբերում է ինձ. « Ամեն ինչից զրկվեցի, և այդ բոլորը աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին» (Փիլ. 3.8):

Այս աշխարհն ավելի շատն ու ավելի լավն է վերցնում, քան տալիս է: Իրեն տենչացողներին նա իրեն է ենթարկում: Ուրեմն, ես ոչինչ չեմ ուզում նրանից: Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ վեր եմ նրանից: Ես Աստծու որդի եմ, Աստծու նմանությամբ և պատկերով, ես Սուրբ Հոգու տաճար եմ և Աստծու բնակարան: Ես միակ արարածն եմ, ով ճաշակում է Նրա Սուրբ Մարմինն ու Արյունը: Ես ավելի վեր եմ կանգնած, քան աշխարհը, և ավելի ճիշտ կլինի ասել, որ աշխա՛րհն ինձնից սպասելիք ունի, քանի որ ես ունեմ երկնքի և երկրի բանալիները: Ես, ում Աստված Իր անսահման ողորմածությամբ կամեցավ դարձնել աշխարհի լույսը և երկրի աղը (Մատթ. 5.13,14):

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, որովհետև միայն Քեզ եմ ուզում. Քեզ, որ մինչև վերջ ինձ սիրեցիր և Քո անձը տվեցիր ինձ համար, որ ինձ ոչնչից ստեղծեցիր և փոխարենը չպահանջեցիր Քեզ ծառայել, այլ ավելի շուտ, ես Քեզանով ղեկավարվելու կարիքն ունեմ: Դրա համար է, որ ուզում եմ ազատագրվել աշխարհից և միանալ Քեզ, որ Քեզ ճանաչելու շնորհն ես տվել ինձ:

Շենուդա Գ հայրապետ; «Հոգու ազատագրումը» գրքից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ