Աճպարարություն է. Սեֆիլյանի գործով Ներսեսը կեղծ մեղադրա՞նքի զոհ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալներ Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ պաշտպանական ճառով։
Ավարտելով Սեֆիլյանի մասով ճառը, Պապիկյանը ներկայացրեց Ներսես Պողոսյանի վերաբերյալ պաշտպանական ճառը։ Պաշտպանը անհիմն է համարում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները:
Պապիկյանն ընթերցեց մեղադրանքում տեղ գտած տեքստից մի հատված, ապա հարցրեց դատավորին` բան հասկացա՞ք. «Մենք էլ չենք հասկանում, թե սա ինչ է, ի՞նչ կապ ունի գործի կամ Ներսես Պողոսյանի հետ: Մարդիկ իրավաբանության փոխարեն զբաղված են աճպարարությամբ»:
Հիշեցնենք, որ մեղադրողը Ներսես Պողոսյանի համար պահանջել է 4 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։