«Դրանց քիթ ու մռութը ջարդելու ժամանակն է ու եթե պետք է դա կանենք զենքով».բացահայտում Սեֆիլյանի դատին/տեսանյութ/
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 2-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատավորից ընդմիջում խնդրեց, որովհետև իր պաշտպանական ճառը ներկայացնելու համար համապատասխան սարքավորում էր հարկավոր, ինչը դատարանը հրաժարվել է տրամադրել: Պապիկյանը նշեց, որ այդ սարքավորումը դատարան կբերի փաստաբան Տիգրան Եգորյանը:
Հայտարարված ընդմիջումից հետո Պապիկյանը հայտնեց, որ Եգորյանը մի փոքր ուշանում է ինքը կսկսի ներկայացնել պաշտպանական ճառը, մինչև Տիգրան Եգորյանը գա:
Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ ճառը անվանել է. «Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները, քրեական գործի շինծու լինելն ու ապացույցները»:
Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանը չիրականացրեց արդարադատություն և դատավարական պրոցեսները զուրկ էին իրավաբանական գործառույթներից:
«Սեֆիլյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են 2014 թվականից: Հետո հայտարարվեց, թե Սեֆիլյանը ցանկացել է տիրանալ ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի լիազորություններին: Այս ցանկության մեջ փաստորեն հանցանք են տեսել ԱԱԾ աշխատակիցները և սկսել են հեապնդումները»,-ընդգծեց Պապիկյանը:
Պապիկյանը նշեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների զինված պայքարի կոչով նամակ է հղել Դավիթ Մելիքյանը: Նրա նամակի բովանդակությունը ամբողջությամբ կցված է գործին. «Հիմա այսքանից հետո ոչ մեկ թող չասի զենքով խփին սրան, խփին նրան, պատասխանը ադեկվատ է լինելու, ուզում եք տեռորիստ անվանեք, ուզում եք ինչ ասեք, թքած ունեմ Ձեր ու Ձեր նմանների վրա: Զենքով պետք է ապստամբենք»:
Պաշտպանը նշում է, որ նամակագիրը դիպուկահար է եղել ու այս հանգամանքը շատ կարևոր է: Պաշտպանը այս ամենի մեջ տեսնում է ԱԱԾ-ի ձեռագիրը:
Արդեն հայտնել ենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: