Նախարարի պատասխանը Քոչարյանին
”Կենսաթոշակային համակարգի ռեֆորմը տասը և ավելի տարիներ ՀՀ-ում քննարկվել, է և այն մոտեցումները, որ այս ռեֆորմը չի կարելի հապշտապ անել, որևէ հիմք չունեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այս համակարգին ուղղված քննադատություններին, նախարարը պատասխանեց. ”Եթե բարձրացնեք բոլոր այն որոշումները, որոնք ժամանակին կառավարության կողմից ընդունվել են, կտեսնենք, որ այս բոլոր խնդիրները ժամանակին շատ մանրամասն, առարկայական, բազմիցս քննարկվել են: Այն որոշումները, որոնք կայացվել են, որոշումներ են, որոնք բխում են մեր երկրի, մեր քաղաքացիների շահերից: Ես հպարտ կլինեմ, եթե ես ևս համարվեմ այդ բարեփոխումների կնքահայրը”:
Օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված Ասատրյանն ասաց, թե օրենքները, որոնք ընդունվել են, պետք է կատարվեն, բայց ցանկացած օրենք, բնականաբար, կարելի է բողոքարկել և այդ ձևաչափով կասեցնել երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց: Ինչ վերաբերում է օրենքի մասին իրազեկման խնդրին, նախարարը նշեց, որ այս օրենքն ամենաշատ քննարկված հարցն է, և բոլոր առումներով տարվել են իրազեկման աշխատանքները: Թե ինչու է կառավարությունն այդպես համառորեն փորձում այդ ծրագիրը ներդնել 2014թ.-ին, այլ ոչ մեկ տարի ուշ, նախարարը չպատասխանեց: