Լրագրողները սատարո՞ւմ էին ահաբեկիչներին
«Ազատ խոսքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնության քարոզը»,-այսօր՝ փետրվարի 20-ի, «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:
Ղազարյանը ընդգծեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրերին շատ լրատվամիջոցներ խախտեցին նորմերը և հրապարակեցին ակնհայտ ահաբեկչություն քարոզող նյութեր:
Նրա խոսքով՝ ոստիկանների հանդեպ հնչող սպառնալիքների և այլնի փոխանցումը դիտվում է ահաբեկչության քարոզ: «Սասնա ծռեր» -ի աջակիցներն էլ անպատիժ կերպով կարողացան ահաբեկչությունը քարոզել:
«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ փորձագետ Դանիել Իոանիսյանը նշեց, որ այս օրենքին պետք է զգույշ մոտենալ, քանի որ ահաբեկչ բառի սահմանումը բոլոր պարագաներում միանշանակ չի ընդունվում. «Ասենք, ես ասում եմ, որ սատարում եմ ԱՍԱԼԱ-ի մարտիկներին, ապա ինձ պետք է քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն: Այս ձևակերպումը պետք է վերանայվի, քանի որ այս պարագայում դպրոցի պատմության ուսուցչին էլ կարող են պատասխանատվության ենթարկել»,-ընդգծեց Դանիել Իոանիսյանը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետ խաղաղասիրական բանակցություններ սկսելն էլ կարող է դիտարկվել, որպես ահաբեկչության կոչ: