26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի՞թե Աստված զրկեց քեզ Իրեն պատկանող որևէ բանից

«… ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ՇՆՈՐՀ, ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵԿ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԱՐՅՈՒՆ, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱ ՄԵԿ ԵՐԿԻՆՔ, ՄԵԿ ԵՐԿԻՐ ԵՎ ՄԵԿ ԲՆՈՒԹՅՈՒՆ։ ԱՀԱ ՍՐԱՆՔ ԵՆ ԱՍՏԾՈՒՆԸ, ՈՐ ՇՆՈՐՀԵՑ ԲՈԼՈՐԻՆ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՈՒ ՀԶՈՐՆԵՐԻՆ․․․»։

Ո՞րն ասեմ, որի՞ մասին պատմեմ և ո՞րը թողնեմ ու արհամարհեմ: Ինչը կարևոր չեմ համարում, այն է
շարժում լեզուս` խոսելու, և շատ բաներ է հավաքում խորհուրդներիս մեջ: Բայց քանի որ կարևոր եմ տեսնում ճառիս միտքը, իմ կամքով և ես կխոսեմ ու կպատմեմ այն մասին, թե որքան են վհատվում տառապողները, չարչարվում չքավորները անօրեն հիմարությամբ, մինչև իսկ հույժ անմտության պատճառով Աստծուն են հայհոյում` Նրան ընչասեր հարուստների կողմնապահ անվանելով:

Ասում են. «Աստված մեծատուններին է սիրում և նրանց կողմնակիցն է, նրանց գործերն է հաջողեցնում, չի նայում տառապողների զրկանքներին, այլ արհամարհում ու անտեսում է նրանց»: Այսպիսի անօրեն խոսքերով ուրանում են Աստծու ճշմարտությունն ու արդարությունը և այնպես են կարծել տալիս, թե Նա` Արդարագործը, անօրինության գործակից է:

Դրանով հայհոյություններ են առաքում բարձունքներ և Աստծու մասին անիրավ բաներ են խոսում:
Դրանով ուրանում են Աստծու ճշմարտությունն ու ընկղմվում են հերձվածողների անդունդը: Ո՛չ հրեան և ո՛չ էլ հեթանոսը չեն կարող ուրանալ Աստծու արդարությունն ու ճշմարտությունը, որն ուրանում է հայհոյողը` ամբարշտանալով, և կորստյան մատնված հոգիների վրա արթնացնում
է Աստծու սաստիկ բարկությունը:

Արդ, ինչո՞ւ ես անիրավ բաներ խոսում Աստծու մասին, ո՛վ չքավոր և աղքատացած. մի՞թե Աստված զրկեց քեզ Իրեն պատկանող որևէ բանից. մի՞թե հարուստներին ու աղքատներին, ինչպես եղբայրների, միապես չբաժանեց նույն աչքերը, նույն ոտքերն ու ձեռքերը. արեգակից, օդից, անձրևից բոլորս ենք վայելում, բոլորս էլ հողից ենք և Ադամից, բոլորի համար կա միայն մեկ մկրտություն, մեկ
շնորհ, Քրիստոսի մեկ մարմին և արյուն, բոլորի համար կա մեկ երկինք, մեկ երկիր և մեկ բնություն: Ահա սրանք են Աստծունը, որ շնորհեց բոլորին` աղքատներին ու հզորներին:

Արդ, ինչպե՞ս է, որ զրկեց քեզ և աչառու եղավ հարուստներին: Գիտեմ, որ ասելիք չունես այս մասին, բայց հարցնում ես` որտեղի՞ց է սրա հարստությունը: Հիշի՛ր, Աստված նրան չտարավ, բազում ինչքեր ցույց չտվեց և դրանք չտվեց նրան, իսկ քեզ զրկեց, այլ ոմանց հարստությունը ագահությամբ ու հափշտակությամբ է ձեռք բերված, ոմանցը` անդուլ աշխատանքով, ոմանցը` հայրական ժառանգությամբ:

 ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ՀԱՅՐԱՊԵՏ – 5-ՐԴ ԴԱՐ
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ