Նախարարը պարգևատրեց 2017թվականի 41 լավագույն ուսանողներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին կամ ուսանողին մասնագիտական կարողություններից բացի բնորոշում են նաև արժեքային հատկանիշները: Այս իմաստով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն իսկապես մրցունակ է և մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, թե որքան բարձր է Հայաստանի ուսանողության արժեքային նշաձողը: Ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ մեր համալսարաններում կամավորական մեծ շարժում սկսվեց: Երբ միջազգային հարթակներում առիթ ունեցա ներկայացնելու, թե որքան կամավոր երիտասարդներ են այդ օրերին մեկնել առաջին գիծ երկիրը պահելու, իմ արտասահմանցի գործընկերները զարմացած էին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մեր հասարակության մեջ ձևավորվում է սեփական ուժերին վստահ, Հայաստանի անկախությանը նվիրված, հայրենասեր և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող սերունդ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ «Լավագույն ուսանող» մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը նաև հասարակական գործունեությունն է:
Նախարարը շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ հորդորել է ուսանողներին ողջ կյանքի ընթացքում բացի մասնագիտական կարողությունների զարգացումից պահել ազգային առաքելության գիտակցումը: Լևոն Մկրտչյանը նշել է նաև, որ բարձրագույն կրթության համակարգն այժմ գտնվում է փոփոխությունների կարևոր փուլում: «Ողջ աշխարհում այսօր բարձրագույն կրթության վերաիմաստավորում է տեղի ունենում, և մենք իրավունք չունենք և չենք կարող այս գործընթացից անմասն մնալ: Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի վերլուծել մեր բացթողումները, շտկել սխալներն ու ընթանալ առաջ: Մենք ուզում ենք ստեղծել միասնական կրթական տարածք, որտեղ ուսանողը կարող է ազատ տեղաշարժվել՝ ստանալու իրեն անհրաժեշտ գիտելիքները: Մեր քաղաքականությունը ուսանողակենտրոն է, և մեր բոլոր բուհերը կոչված են բավարարելու ուսանողի կարիքները: Մենք պարտավոր ենք բացել համակարգը, ապահովել դասախոսների և ուսանողների փորձի փոխանակում և լայն շարժունություն»,- նշել է ԿԳ նախարարը: Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հինգ տարի է անցկացվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը: Այն կազմակերպվում է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական)՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ըստ հետևյալ ոլորտների. բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ: Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկական հաղթողների փաստաթղթերը: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում է հանրապետական մրցութային հանձնաժողով, որն ամփոփելով բուհերի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոշում է կայացնում ըստ աստիճանների և ոլորտների հաղթողներին: Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորներով, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ հաշվի են առնվում ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ և այլն) և հասարակական ակտիվությունը: 2017 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 41 ուսանող` ըստ կրթական աստիճանների և ոլորտների: Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 400.000, 2-րդ տեղ՝ 270.000 և 3-րդ տեղ՝ 200.000 ՀՀ դրամ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն