27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ պետք է ծառայի քաղաքացու հարմարավետությանը. Տարոն Մարգարյան

Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել է Ավան վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները:

Վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Ավան վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել  բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման ուղղությամբ: Մանվել Ջավադյանը զեկուցել է քաղաքապետին, որ այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված վարչական շրջանի բոլոր մշակութային օջախներում, որոնցում համապատասխան կրթություն է ստանում շուրջ 2000 երեխա:

Որպես 2017թ. ձեռքբերում՝ վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է պետական ու մասնավոր հատվածի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են տարածաշրջանում և, ըստ էության, նոր շունչ են հաղորդել վարչական շրջանի առօրյային: Ներկայացնելով 2018թ. նախատեսված ծրագրերը՝ Ավան վարչական շրջանի ղեկավարը, իր զեկույցն ամփոփելով, նշել է, որ 2018թ. ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակով:

 

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է ամենօրյա սրտացավ աշխատանքով այս տարի ևս կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշված են 2018թ. համար: Ի դեպ, վարչական շրջանի կարևոր ձեռքբերումների շարքում արդեն մի քանի տարի առանձնանում է Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի: Մասնավոր հատվածի կողմից իրականացվող մի քանի խոշոր ծրագրեր ևս ընթացքի մեջ են ու, վստահ ենք, որ դրանց իրականացումը ևս կարևոր նշանակություն կունենա վարչական շրջանի առօրյայի աշխուժացման հարցում», – նշել է Ավան վարչական շրջանի ղեկավարը:

Իր գոհունակությունը հայտնելով Ավան վարչական շրջանի աշխատակազմի կատարած աշխատանքներից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է մի շարք ուղղություններ, որոնց մասով ևս ակնկալվում է աշխատակազմի հետևողական աշխատանքը:

«Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և զարգացման նոր միտումները հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին ստեղծում է ավելի շատ էլեկտրոնային կառավարման գործիքներ ու ծառայություններ:

Մենք ձևավորել ենք «Խելացի քաղաք» ծրագրի աշխատանքային խումբը, առաջիկա տարիներին ավելի շատ նախագծեր են իրականացվելու այդ ուղղությամբ:

Ունենք համապատասխան ներուժ, և ընդամենը անհրաժեշտ է հետևողական թիմային աշխատանք, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս Երևանը դառնա աշխարհի այն քաղաքներից, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այս հարցում ակնկալում եմ յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը: Ամեն ինչ պետք է ծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը, արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ 

փոխանակմանը։ Սա է մեր առաջիկա տարիների ուղենիշը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով սոցիալական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դրանց հասցեականությանը:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի են կոչվում սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք իսկապես սպասված են դարձել բնակիչների կողմից: Մեր թիմը միշտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Բայց գրանցած արդունքներով պետք է չբավարարվենք և գնալով ավելի կատարելագործենք մեր կողմից իրականացվող ծրագրերը: Քաղաքացին պետք է զգա հոգատար վերաբերմունք, տարվա ընթացքում իրականացվող սոցծրագրերն էլ պետք է էլ ավելի հասցեական դառնան:» նշել է քաղաքապետը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել նաև մանկապարտեզների ամենօրյա աշխատանքը, որպեսզի պահպանվեն բոլոր այն չափորոշիչները, որոնք առաջադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ