«ՔԿՀ-ից էլ չեմ գալու, ուզում եք ինձ պատին դեմ տվեք` գյուլեք». Դեդին լռեցնել չհաջողվեց
«Բոլոր օրենքները շրջանցում եք, այսօր հանրային պաշտպանին բերել, զոռով փաթաթում եք վզներիս, ես ՔԿՀ-ից էլ չեմ գալու, ինչի՞ համար պարոն նախագահող»,-այսօր` հունվարի 30-ին «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ):
Նշենք, որ այս գործով անցնում են 11 ամբաստանյալ` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:
Դատավորը կոռեկտության կոչ արեց, սակայն Հակոբյանը անդրդվելի էր.«Ես կուլտուրական մարդ եմ, բայց Դուք ինձ հրահրում եք: Ես քրեակատարողական հիմնարկից էլ չեմ գալու, ուզում եք ինձ պատին դեմ տվեք` գյուլեք»,-բղավում էր Մարտիրոս Հակոբյանը:
Դատավոր Արթուր Օհանյանը ոչ մի կերպ չկարողացավ հանդարտեցնել «Սասնա ծռերի» անդամին: Նա սանկցիա կիրառեց` 8 ժամով Մարտիոս Հակոբյանին հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: