«Սա դատավարություն չէ, թատրոն է».«Սասնա ծռերի» անդամը դուրս եկավ ափերից
Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 25-ին շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց՝ կասեցնել իր գործունեությունը որպես Մանվել Աթոյանի պաշտպան։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց միջնորդությունը:
Դատավոր Գաբրիելյանը նշեց, որ կայացված որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։
Արմեն Լամբարյանը բարկացավ դատարանի որոշումից և ցանկացավ ինքնակամ լքել դատական նիստերի դահլիճը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը զգուշացրեց, որ եթե ինքնակամ լքի նիստերի դահլիճը ապա ինքը սանկցիա կկիրառի նրա նկատմամբ։
«Սա դատավարություն չէ, թատրոն է, 5-րդ դասարանի չգիտեմ ինչ է։ Պլան եք կատարում, մեր իրավունքները խախտելով ռացիոնալ դատ եք ուզում անցկացնել»,-ասաց Արմեն Լամբարյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց, որ հանրային պաշտպանի ներգրավվումը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել նիստերը, որոնք ձգձգվում են շուրջ 6 ամիս։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին միայն մեկ ամբաստանյալ է մասնակցում՝ Արմեն Լամբարյանը, քանի որ մնացած 10 անդամները հեռացված են դատական նիստերի դահլիճից՝ սանկցիա կիրառելու հետեւանքով։
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը: