Էլի սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, ռեգուլյար չի կարելի չէ՞. վարչապետ
Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ դիտողություններ արեց գործադիրի անդամներին: Նախ, երբ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էր ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը ու լրացուցիչ օր խնդրեց, վարչապետն արձագանքեց բավական կտրուկ.
«Էլի սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, ռեգուլյար չի կարելի չէ՞ դա անել, մեկ օր, երեք օր»:
Իսկ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների հարցը ներկայացնելիս, կրկին լրացուցիչ ժամանակ էր խնդրում՝ նշելով, որ զուտ այս ինչ փոփոխության համար է պետք, երբ Կարեն Կարապետյանը նկատեց. «Այ էտ զուտերը, այնպես արեք, որ չլինի, երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ…Բոլոր դիտողությունները հնարավոր չի՞ մինչև Կառավարության նիստն անել, բոլորը Կառավարության նիստին են արվում»:
Իսկ վերջին հարցն էլ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էր զեկուցում: Կրկին լրացուցիչ ժամանակ էր հարկավոր, ինչի համար փոխվարչապետը նախապես վարչապետի ներողամտությունը հայցեց: