«Մեր խոհանոցի գաղտնիքները հիմնականում գյուղերում են պահպանվում»
Երիտասարդ խոհարար Լուսինե Ղարախանյանը վստահ է՝ խոհարարությունն իրականում բավական խորը հմտություններ է պահանջում, հետևաբար լավ խոհարար դառնալու համար պետք է մշտապես սովորել, կատարելագործվել և խորությամբ ուսումնասիրել հատկապես ազգային խոհանոցը։
Հայաստանում կան մարզեր, որտեղ հայկական խոհանոցը միշտ ուշադրության կենտրոնում է։ Մեր խոհանոցի գաղտնիքները հիմնականում գյուղերում են պահպանվում», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց խոհարար Լուսինե Ղարախանյանը։
Քանի որ վերջինս բնակվում է Վայոց Ձորի Արենի համայնքում, հաճախ է շփվում զբոսաշրջիկների հետ․ գաղտնիք չէ, որ Արենին մեր երկրում զբոսաշրջության ոլորտում առանցքային նշանակություն ունի։
Մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում Լուսինե Ղարախանյանն ընդգծեց՝ զբոսաշրջիկների հետ զրույցների ընթացքում հասկացել է ՝ հայկական խոհանոցով ակտիվորեն հետաքրքրվում են նաև նրանք։«Իսկապես, մեր խոհանոցը, ուտեստները հետաքրքրում են զբոսաշրջիկներին։ Նրանցից շատերը տպավորված են հայկական խոհանոցով, մեր համեղ ու յուրահատուկ ուտեստներով։ Զբոսաշրջիկներին շատ են դուր գալիս հատկապես թոնրի լավաշը, ժենգյալով հացը և տոլման, ավելին՝ նրանիցից շատերն իրենց մոտ գրի են առնում բաղադրատոմսերը, հետաքրքրվում են, հարցեր են տալիս՝ փորձելով հասկանալ՝ ինչպես են պատրաստում այդ ուտեստները և, իհարկե, մեր համեղ լավաշը», – նշեց Լուսինե Ղարախանյանը։Վերջինս ընդգծեց՝ այսօր հայկական ընտանիքներում մեր ավանդական ուտեստներից առավել սիրված ու տարածված են հատկապես տոլման և հարիսան։