Բագրատաշենի կամրջի նախագծման եւ շինարարության համար կծախսվի 7.3 մլն եվրո
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում Իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 15-ին տեղի ունեցավ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող Բագրատաշենի կամրջի նախագծման եւ շինարարության պայմանագրի ստորագրումը։
Հայկական կողմից այն վավերացրեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իրանական կողմից՝ «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերության նախագահ Ալի Մուսավին։
Փաստաթղթի ստորագրմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Ողջունելով իրանական շինարարական կազմակերպության մուտքը Հայաստան՝ նախարարը կարեւորեց, որ աշխատանքները կատարվեն բարձր որակով եւ ժամանակին։
«Այս մրցույթի հաղթանակը առաջին քայլը համարենք եւ հուսանք, որ իրանական ընկերությունները հետագայում եւս կմասնակցեն Հայաստանում իրականացվող նախագծերին, ներդրումային ծրագրերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածում նախատեսվող թունելների շինարարությանը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը։
«Ariana Tunnel Dam Co.» շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին վստահեցրին, որ կաշխատեն լավագույն որակով:
Նշենք, որ կամրջի նախագծային եւ շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում եւ շինարարություն» միջազգային մրցույթը։
Մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են եւ անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյուքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը` 7.393.347.95 Եվրո (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով: