Կստեղծվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող հանգստի և ժամանցի կենտրոն. Հայկական ժամանակ
Երևանի քաղաքապետարանն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, որը գործադրին է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Գարեգին Նուշիկյանի հիմնադրած «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը նախորդ տարվա օգոստոսի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ներդրումային ծրագիր է ներկայացրել: Մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու նպատակով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն խնդրել է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը տրամադրել ընկերությանը՝ փոխելով հողի նպատակային նշանակությունը:
«Երևան քաղաքում կստեղծվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի և ժամանցի կենտրոն, որը էական խթան կհանդիսանա զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար, տարածքի կանաչապատումը կնպաստի շրջակա միջավայրի բարելավմանը, կստեղծվեն մշտական աշխատատեղեր»,- ասված է կառավարության որոշման նախագծում: