2017-ը Արցախի Հանրապետության ԱԺ-ի համար արդյունավետ էր
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեզ հետ միասին ամփոփում ենք մեր անկախ տարեգրության ևս մեկ էջ՝ հագեցած նոր ձեռքբերումներով, երկրի անվտանգության ու ապահովության բարձրացման վճռական նախաձեռնություններով և համահայկական միասնության ամրապնդման հետևողական քայլերով:
2017 թվականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար արդյունավետ էր թե՛ օրենսդրական աշխատանքի, թե՛ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ներդրված ջանքերի տեսանկյունից: Նոր Սահմանադրության ընդունմամբ վերահաստատեցինք ժողովրդավարական երկիր զարգացնելու և հայրենիքի անվտանգության համակարգը կատարելագործելու մեր վստահ դիրքորոշումը: Որպես սահմանադրական գործընթացների շարունակություն՝ մեկնարկեցինք երկրի ներքին օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործը: Ազգային ժողովում հյուրընկալեցինք մի շարք միջազգային պատվիրակությունների` հիմք դնելով խորհրդարանական համագործակցության նոր ուղղությունների և ուրվագծելով գալիք տարվա անելիքների ծրագիրը:
Անցնող տարին մեր ժողովրդի պատմության մեջ նշանավորվեց նաև Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման քառորդդարյա հոբելյանով, ինչը հրաշալի առիթ էր՝ վերստին արժևորելու մեր հերոսական բանակի անցած ճանապարհը և ընդգծելու հայրենիքի պաշտպանի սուրբ դերակատարությունը:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Գալիք 2018 թվականին` արցախյան ազգային ազատագրական պայքարի երեսնամյա տարեդարձին, անկախ մեր համոզմունքներից, մեր միասնությունն ավելի ամուր պիտի լինի, ձեռքբերումները՝ ապագային ուղղված, հաղթանակները՝ շարունակական:
Մաղթում եմ բոլորիս առողջություն, բարօրություն և անկոտրում կամք՝ հանուն Արցախի, մայր հայրենիքի և համայն հայության հավաքական ուժի զորացման:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: