«Երկիր Ծիրանի»-ն դիմում է ոստիկանությանն ու Առողջապահության նախարարությանը
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց 29/4 շենքի նկուղում ժամանակավոր ապաստանած Շաբոյանների 14 հոգանոց ընտանիքը, որոնցից 12-ը երեխաներ են, խիստ կարիք ունեն կացարանի:
Երևան քաղաքն ունի կարողություններ լուծելու անապահով խավի խնդիրները՝ նրանց տրամադրելու բնակարան, սակայն բնակարանները և հողակտորները նվիրաբերվում են հատուկ ծառայություններ մատուցած անձանց կամ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին: Հանրության ուշադրությունն ենք հրավիրում սույն օրինակով երկրում տիրող անօրինականության և անարդարության վրա, երբ ՀՀԿ-ն մեկ միլիոն մարդու ծայրահեղ աղքատության հասցնելով՝ նաև բացահայտ ծաղրում է նրանց:
Այս ընտանիքն ամիսներ առաջ, սոցիալապես նույն կարգավիճակում գտնվող հազարավոր ընտանիքների շարքում, դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որին ընթացք չի տրվել: Մինչդեռ ավտորիտար համակարգի սպասարկուների դիմումները նույն պահին քննարկվում են և ստանում անօրինական լուծում: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն իր շուրջ 6-ամսյա աշխատանքային գործունեության ընթացքում ականատեսն է եղել այն փաստի, թե ինչպես են Երևան համայնքին պատկանող հանրային միջոցները՝ բնակարաններ, հողեր, գումարներ օգտագործվում ոչ նպատակային: Եվ հենց այս բազմամիլիոն դոլարների ոչ նպատակային օգտագործման հսկայական պարսպի հետևում են մնում շուրջ մեկ միլիոն երևանցիներ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ վերոնշյալ ապօրինությունների հետ միաժամանակ խոչընդոտվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների և քաղաքապետարան ժամանած այս ընտանիքի բոլոր անդամների, այդ թվում նորածին և մանկահասակ երեխաների մուտքը Երևանի քաղաքապետարանի շենք: Թեև Երևանի քաղաքապետարանը հանրային վայր է և մուտքն այդ շենք պետք է մատչելի լինի ցանկացած քաղաքացու համար, քաղաքապետարանի շենքի մուտքն արգելափակվել էր ոստիկանների կողմից:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ այս ընտանիքի բոլոր անդամները վատառողջ են, հազում և ջերմում են, ունեն անհապաղ բժշկակական օգնության կարիք: