Մահից մի վախեցիր երբեք, այլ վախեցիր սխալ ապրելուց
Մահից մի՛ վախեցիր երբե՛ք, այլ վախեցիր սխալ ապրելուց:
Ոչ ոք քեզ չի խոստացել հավիտենական կյանք` երկրի վրա: Սակայն քո կյանքի Պատասխանատուն խոստացել է քեզ հավիտենական կյանք երկնքում` երկրի վրա շիտակ ապրելու պարագային: Եթե մահը վախենալու է, ուրեմն քննությունն էլ է վախենալու, հաշիվ տալն էլ է վախենալու: Եկեք խորհենք, հանուն ինչի՞ ենք այսքան վախեր հավաքել մեր գլլխին, երբ մեզ հուշում է Ավետարանը, որ ազատ ես դու, ո՜վ մարդ, ինչո՞ւ ես ընտրում ստրուկ լինել մեղքին, ավելի լավ չէ «գերի» լինես ազատությանը: Ո՞ վ և ե՞րբ կուրացրեց մեր աչքերը, ո՞վ խլացրեց մեր ականջները, ո՞վ բթացրեց մեր գլուխը, ո՞վ կորցրեց մեր հիշողությունը, որ չենք կարդում Ավետարան, որ կարդացածը չենք հասկանում, երբ էլ հասկանում ենք, մեզ չենք վերագրում: Ամեն ինչ ուրիշից ենք պահանջում որ անի, ինքներս մատը մատին չենք ուզում տալ:
Մենք այսպիսի բաներից պետք է վախենանք, որ աչք ունենք ու չե՛նք տեսնում, ականջ ունենք, բայց չե՛նք լսում, բանական ենք, բայց այդ բանականությունը չենք գործածում ի շահ մեր հոգևոր աճի: Ասուն ենք ստեղծված Աստծո շնորհիվ, բայց մեր բերանից իմաստուն բան դուրս չի գալիս:
Ի՞նչ ենք ասելու քննություն վերցնողին… Աստված սեր է, կասկած չկա: Այդ մասին պետք չէ մոռանալ: Սակայն պետք չէ հույսը դնել միայն Աստծո սիրո վրա: Աստված Սուրբ է և Արդար: Պետք է հիշենք նաև Աստծո սիրո հակառակ երեսի` արդար դատաստանի մասին, որը նույնպես Աստծո սիրո դրսևորումներից է, մեր շահերից բխող: