Տե՛ր իմ Հիսուս, եկ … fatherarmen.com
Տե՛ր իմ Հիսուս, ե՛կ, Քո անհուն սիրով տիրիր իմ հոգուն:
Չի՛ կարելի Հիսուս սիրել, երբ մարդուն ատում ես, և ընդհակառակը…
Ճշմարիտ քրիստոնյայի համար մեկ առաքինություն կա միայն, և այն սերն է, մնացած առաքինությունները լոկ սիրո ճյուղավորություններն են: Ո՞ւր է քրիստոնեական սերը: Սերը համաշխարհային լեզու է, որ խոսում է կրթյալի և անկիրթի հետ, տգետի և գիտնականի հետ, մի անժամանակ անցագիր է մարդկանց սրտերի աշխարհը շրջելու համար:
Արդ, քրիստոնեական սիրով մկրտված իմ ունկնդիրնե՛ր, քրիստոնեական կրոնը սիրո կրոն է, իսկ սերն ամենուրեք պիտի լինի, ուստի քրիստոնեական կրոնը ո՛չ վանքերի կամարներում պիտի քարանա և ո՛չ կրոնավորների կրծքում պիտի կաշկանդվի. նա ամեն տեղ պիտի մտնի, գերդաստան, դատարան, ատյան, ապարանք ու խրճիթ, ամեն տեղ պիտի թափանցի: Մի վայրկյան հանեցեք կրոնից սերը, և դուք մի անհուն դատարկություն կունենաք, արյան գետերի մի անվերջ հոսանք` հրեշտակ մարդուն` արյունախում գայլ դարձած, ատելության խավարը ձեր հոգու վրա իջած:
Քրիստոնեական սերն առ մարդ և առ Աստված` անխզելի շղթայով են կապված, չկա՛ ճշմարիտ սեր առ Աստված առանց սիրո` առ մարդ: Չի կարելի Հիսուս սիրել, երբ մարդն ես ատում, և ընդհակառակն: Մայրե՛ր, երբ ձեր գլուխը կախեք ձեր հոգու հատոր զավակի օրօրոցի վրա և ժպիտն ու համբույրը կաթեն մանկան վարդ երեսին, հետն էլ «սեր» շշնջացեք մատաղ ականջին: Երիտասա՛րդ, երբ սրտիդ ու մտքիդ ընկերոջը հանդիպես ու կարոտագին կերպով գգվեք իրար, շշնջա՛. «սերն է այս»:
Հա՛յ մարդ, երբ ազգակցիդ խոցերի վրա ճակատիդ քրտինքն ու աչքերիդ արցունքը թափվի ու լվանա, մխիթարվիր ու կարդա, «սերն է այս»: Հա՛յ ծերուկ, երբ լայնաբերան գերեզմանի մոտ կանգնած աչքդ հառած դեպի Հիսուսի Խաչը, որից լույսի մի առատ ցող է իջնում կրծքիդ ու հանգցնում այնտեղ եղած մահվան տագնապը, շշնջա՛ գերեզմանից հեռու կանգնած սերնդին. «Սերն է այս»: Երբ ապաշխարության օրերում ձեր աչքերը սևեռվի կարմիր խաչափայտին, թող ձեր մրմունջն ու աղոթքը այ՛ս լինի` Տե՛ր իմ Հիսուս, Տե՛ր իմ Հիսուս, ե՛կ, ե՛կ, Քո անհուն սիրով տիրիր իմ հոգուն:
Այս քարոզը խոսվել է Երևանի Սուրբ Պողոս – Պետրոս եկեղեցում 1900թ.
Բենիկ Վարդապետ